ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի-Sputnik. Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց չորրորդ իշխանության ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդի առիթով: Վարչապետը խոստովանեց, որ իր համար ամենասպասվածը լրագրողների հետ հանդիպումն է:
Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
«Այսօր տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից և քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում տվյալ փաստը, իրադարձությունը: Միշտ չէ, որ ես համաձայն եմ կամ համաձայն եմ եղել այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ և փաստարկված: Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել: Անաչառ քննադատությունն անհրաժեշտ է ցանկացած իշխանությանը միշտ զգոն լինելու համար»,- ասել է վարչապետը:
Հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին: Նրա կարծիքով` այսօր ունենք կայուն տնտեսություն և «համերաշխ ու հանդուրժող» իրավիճակ:
«Ամենավատն այն է, որ չկարողացանք ապահովել 4.1 տոկոս տնտեսական աճ, բայց համոզված եմ, որ 2016 թվականը երկրի, մեր տնտեսության համար լինելու է ձեռքբերումների տարի: Ես` որպես տնտեսության զարգացման թիվ մեկ պատասխանատու, ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք մեր առջև դրված խնդիրներին լուծում տանք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության կազմի կրճատմանը վերաբերող հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.
«Այո, մենք քայլեր ենք անելու, որպեսզի կրճատենք: Դա շարունակական պրոցես է. միշտ հնարավոր են փոփոխություններ: 2016 թվականին նոր մոտեցումներ ու պահանջներ են լինելու: Սպասվում են նաև ավելորդ ծախսերի կրճատումներ, և բոլոր ֆինանսական միջոցներն ուղղվելու են արդյունավետ ծախսեր իրականացնելուն»,-ասաց վարչապետը:
Վերջում Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքը շարունակական կլինի ու կուղեկցվի միմյանց լսելով, վստահելով ու նաև առողջ քննադատությամբ: Հենց նման հրապարակումներն են վարչապետին օգնել «խնդիրներին օպերատիվ լուծում տալ»: