Գոհար Սարգսյան, Sputnik
Նորքի տուն-ինտերնատում երաժշտություն է հնչում։ Դռնից մտնում ես ներս ու տեսնում մի քանի տասնյակ տատիկ-պապիկների, որոնցից յուրաքանչյուրն այստեղ հայտնվելու իր պատմությունն ունի։ Մեկը մտքերի մեջ է, նայում է տխուր` անհայտ ուղղությամբ, մյուսը ծափահարում է իրենց ուրախացնելու եկած երգիչներին, մեկ այլ անկյունում էլ տատիկը հոգ է տանում պապիկի մասին` նրա ափսեի մեջ կերակուր դնելով։ Ամանորին ընդառաջ տուն-ինտերնատի բնակիչների համար կազմակերպված միջոցառումն է ընթանում։
«Ծերանոցում ավելի լավ է, քան տանը։ Նման միջոցառումների շնորհիվ զգում ես, որ ուշադրության կենտրոնում ես։ Էստեղ եմ, որովհետև մենակ եմ մնացել: 10 տարի առաջ կինս մահացավ, տղաս մեկնեց Ամերիկա, ես էլ եկա ծերանոց, որ խոսելու ընկեր ունենամ»,-պատմում է Վազգեն պապիկը` ջանալով ժպտալ, որպեսզի տխրությունը թաքցնի, բայց աչքերի խորքում նկատելի էր արցունքի կաթիլը:
Սրահի կենտրոն պարելու դուրս եկան Նանուլի և Խորեն Կարախանյանները: Կարծես աշխարհից կտրված` նայում էին միմյանց ու անմոռաց պարում:
«Ես Ախալցխայից եմ, իսկ ամուսինս` Ջավախքից: Նա ինձ փախցրել է, երբ դեռ 20 տարեկան էի: Եկանք Հայաստան, որ ծնողներս չհետևեն մեզ: Իսկ սահմանն անցանք` աշխատողներին հայկական կոնյակով կաշառելով,- ժպիտով պատմում է Նանուլի Կարախանյանն ու ավելացնում,- երջանիկ ենք, որ առողջ ենք ու արդեն 46 տարի` միասին: Բոլոր երիտասարդներին մաղթում ենք նույնը: Մեզ համար կարևոր չէ` ծերանոցում ենք, թե մեր տանը, կարևորը` ամուսիններով անբաժան ենք»,-պատմում է ու նայում ամուսնուն` սպասելով նրա արձագանքին: Ամուսինն էլ` թե.
«Ի՞նչ անենք, որ էստեղ ենք. մարդու համար է, չէ՞, ամեն ինչ: Մենք բնությամբ ուրախ մարդիկ ենք: Կնոջս սովորեցրել եմ պարել. պարողի հետ պարում ենք, երգողի հետ` երգում»,- պատմում է Խորեն Կարախանյանը:
Իսկ Սառա Հակոբյանն ու Հրաչ Գրիգորյանը տուն-ինտերնատում են ծանոթացել: Հրաչ պապիկը նկատել է, որ Սառա տատիկը հիվանդ է և առաջարկել է բուժել նրան` ներկայանալով որպես բուսաբույժ: Կինն էլ չի հրաժարվել: Միմյանց մասին հոգ տանելու գաղափարը նրանց դուր է եկել և որոշել են ամուսնանալ:
«Իմ երկու որդիները մահացել են: Միայնակ եմ մնացել: Հրաչն ինձ այստեղ շատ օգնեց, հասկացա, որ կարող եմ մեկի վրա հույս դնել, ու դրանից հաճելի բան չկա»,-ասում է Սառա Հակոբյանը:
Ամանորին Նորքի տուն-ինտերնատում կային հյուրեր` աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցներ, պաշտոնատար անձինք, որոնք եկել էին շնորհավորանքներով ու նվերներով` տուն-ինտերնատի բնակիչներից յուրաքանչյուրի համար մեկ տուփ կոնֆետ ու մեկ փոքրիկ շիշ դոշաբ։