ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշում է, որ մտադիր է թիմը համալրել նոր խաղացողներով։
«Ազգային հավաքականի դռները բաց են։ Մեծ հույսեր եմ կապում նրանց հետ, ովքեր խաղում են Հայաստանի առաջնությունում։ Ինձ համար էական չէ` որտեղ է խաղում ֆուտբոլիստը։ Գլխավորն այն է, թե ինչպես նա մոտենում հավաքականի խաղերին։ Խաղային պրակտիկան պարտադիր նախապայման է։ Այնպես որ կարծում եմ, որ թիմը շուտով կհամալրվի երկրի առաջնությանը մասնակցող նոր ֆուտբոլիստներով», — ասել է Սուքիասյանը UEFA.com-ի հետ հարցազրույցում։
Նա խոստովանել է, որ կարոտել էր մարզչական աշխատանքը։
«Ես միշտ ապրել եմ ֆուտբոլով, տարբեր խաղերի ներկա եղել, արդյունքում որոշել եմ վերադառնալ ու զբաղվել սիրելի գործով։ Եթե խոսենք ազգային թիմի մասին, ապա դա ցանկացած մարզչի համար երազանք է, և ես էլ բացառություն չեմ։ Ես հավաքականի հետ աշխատելու փորձ ունեմ, սակայն, երբ ես 2001 թվականին լքեցի ֆուտբոլը, շատ բան փոխվեց։ Այսօր ֆուտբոլիստներին պետք է բոլորովին այլ կերպ մարզել», — ասել է մարզիչը։ Նա հավաքականի հետ կապված որոշակի ծրագրեր ունի և համոզված է, որ կհաջողվի ստեղծել այնպիսի թիմ, որի հետ հաշվի կնստեն բոլոր հակառակորդները։
Կոնկրետ խաղացողների մասին խոսելիս` Սուքիասյանը նշել է.
«Համաձայն եմ, որ Հենրիխը մեր թիմի առաջատարն է, բայց նույնիսկ Մխիթարյանը միայնակ ոչինչ չի կարող անել: Կան նաև այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ (Արազ Օզբիլիս, Մարկոս Պիզելի, այլ խաղացողներ), որոնք պետք է նրա հետ արդյունք կերտեն: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ստեղծել լավ թիմ ոչ միայն 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի, այլև ապագայի համար»։
Վերջին ժամանակաշրջանում թիմն այնքան էլ լավ հոգեբանական վիճակում չէր, սակայն Սուքիասյանը համոզված է, որ մթնոլորտը միայն խոսքով հնարավոր չէ փոխել, ընկերական հանդիպումներ են պետք։
Թիմը մինչև 2016 թվականի սեպտեմբերը ժամանակ ունի։
«Մինչ այդ մենք առավելագույնս պետք է կարողանանք օգտագործել մարզումների հնարավորությունները։ Դա թիմի կազմի հարցում կողմնորոշվելու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև թիմը կկարողանա վստահություն ձեռք բերել և բարձրացնել խաղային մակարդակը։ Հայաստանում մեծ ներուժ ունեցող խաղացողներ կան։ Ընդ որում, չպետք է մոռանանք, որ մենք մեր ամբողջ ֆուտբոլն ու մեր ամբողջ երկիրն ենք ներկայացնում», — ասել է նա։