ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Տոն օրերին Հայաստանում գտնվող թանգարաններից 12-ը կաշխատեն, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը
Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն:
Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, թանգարանները 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև:
Ցանկում ներառվել են հետևյալ թանգարանները` Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Ե. Չարենցի տուն-թանգարանը, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը, Հովհ. Թումանյանի թանգարանը, Ս. Փարաջանովի թանգարանը, Եր.Քոչարի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։