ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործընթացը;
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացավ Շվեյցարիայի Բեռն քաղաքում դեկտեմբերի 19-ին։
«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն ընձեռեց քննարկել հրադադարի ռեժիմի խախտումները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակը կրճատելու գործնական քայլերը, և քայլեր մշակել` խաղաղ հանգուցալուծումը հնարավորինս մոտեցնելու համար», – ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ։
Պան Գի Մունը նաև նշել է Շվեյցարիայում գագաթնաժողովը կազմակերպած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։ Նա կոչ է արել Բաքվին ու Երևանին` սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ, իրավիճակի հետագա սրում թույլ չտալու նպատակով, ինչպես նաև զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների։
Երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունների շրջանակում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ։
