ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ցույց տվեց կազմակերպության անդամներին, թե դաշնակիցներն ինչպես պետք է իրենց դրսևորեն, Sputnik Արմենիա պորտալին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Մոսկվայում դեկտեմբերի 21–ին տեղի ունեցավ ՀԱՊԿ հերթական նիստը։ Ինչպես նախօրեին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ երկրները` որպես Ռուսաստանի դաշնակիցներ, համերաշխություն են հայտնում Մոսկվային` կապված թուրքական ՌՕՈՒ կողմից ռմբակոծիչի կործանման հետ։
Քաղաքագետի խոսքով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ դաշնակիցները պետք է աջակցեն միմյանց` օրինակ բերելով ՆԱՏՕ–ի երկրներին, որոնք համերաշխություն են հայտնում նրա հետ։
«Հայաստանի նախագահը ցույց տվեց Պուտինին և այլ նախագահներին, որ ՀԱՊԿ ներսում կարգուկանոնի և ընդհանուր շահերի ընկալման հետ կապված իրավիճակը «վատ» է»,– ասաց Շաքարյանցը։
Այդ տեսանկյունից ՀԱՊԿ գագաթնաժողովը կարելի է նախազգուշական անվանել, քանի որ հիմա, երբ Հայաստանը խոսում է իր անվտանգության սպառնալիքի առկայության մասին, Ռուսաստանը, ինչպես կործանված Սու–24–ի դեպքում, պետք է համոզի ՀԱՊԿ այլ անդամ երկրներին` հանդես գալ ընդհանուր դիրքորոշմամբ։
Նրա խոսքով` Հայաստանի նախագահությունը թույլ կտա առավելագույն կերպով օգտվել այդ հնարավորությունից։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության և Կովկասի խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը նշեց, որ Սարգսյանի հայտարարությունը սպասելի էր երկու պատճառով։
«Նախ` հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի պատճառով, որտեղ շարունակվում են փոխհրաձգությունները և, ինչպես հայտնի է, կիրառվել է ծանր սպառազինություն։ Երկրորդ` որովհետև Հայաստանի դիվանագիտությունը չի կարող բաց թողնել այնպիսի առիթ, ինչպես ռուս–թուրքական հարաբերությունների վատացումը`Մոսկվայի և ՀԱՊԿ գործընկերների հարաբերություններում իրեն ձեռնտու օրակարգն առաջ մղելու համար»,– ասաց Սիլաևը։
Հայաստանի նախագահի հայտարարությունը Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում մեկնաբանեց «Եվրասիական ընտրություն» Միջազգային հասարակական շարժման նախագահ Ռոման Շկոլինը։
«Դա լրացուցիչ ազդանշան է միջազգային հանրության համար, հատկապես այն ուժերի, որոնք խթանում են ղարաբաղյան հակամարտության սրացումը, այդ թվում` Անկարայի համար։ Կարծում եմ, որ ներկա պայմաններում սահմանամերձ տարածքներում սրացումը կշարունակվի, բայց կպահպանի տեղային բնույթը և լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի։ Դա հասկանում են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, դա նրանցից ոչ մեկին պետք չէ»,– ասաց Շկոլինը։
Ուշադրություն դարձնելով կազմակերպության նիստի գլխավոր բաղադրիչին, այն է` ահաբեկչության դեմ պայքարին, նա նշեց, որ Ռուսաստանն իր վրա լուրջ բեռ է վերցրել` դառնալով Սիրիայում ահաբեկչությանը հարվածող հիմնական երկիր։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ՀԱՊԿ պետությունները հանդես են գալիս հօգուտ ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա լայն կոալիցիա ձևավորելու։ ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի օգտին։
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պաշտպանում է ոչ միայն սեփական պետության շահերը, այլև պայքարում է այլ տարածաշրջաններում, առաջին հերթին` Կովկասում ահաբեկչության տարածման դեմ»,– ասաց Շկոլինը։
Նրա խոսքով` ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է ուժեղացնել ինտեգրացիոն միավորումների դերը, հատկապես` ռազմական։ Ահաբեկիչների շարքերում են ավելի քան 80 երկրի քաղաքացիներ, ուստի դա համաշխարհային խնդիր է։