ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի- Sputnik. Երկուշաբթի Մոսկվայում անցկացվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՀԱՊԿ-ն նախագահող Հայաստանը։
Հայաստանն առաջարկել է համատեղել այդ միջոցառումն ու ԵՎրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
ՀԱՊԿ երկրների առաջնորդների քննարկման կենտրոնական թեմաներից մեկը կլինի ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելը, կամփոփվեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի առաջին տարվա արդյունքները։
«Նախատեսվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին հայտարարություն ընդունել, որում կարտացոլվեն անդամ երկրների ընդհանուր մոտեցումները»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Նախկինում կազմակերպության անդամ է եղել նաև Ուզբեկստանը, բայց 2012թ.-ից նա այլևս կազմակերպության մեջ չի մտնում։
Հայկական կադրեր
Նախագահները պետք է համաձայնեցնեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են կազմակերպության ընթացիկ գործունեությանը և լուծեն այն հարցը, թե ով կլինի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը։ Հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան։
Հնարավոր է, որ Բորդյուժայի տեղը զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ պաշտոնը ռոտացիոն է դարձել։ «Ռոտացիան կատարվում է ռուսական այբուբենի հիման վրա, ուստի լիովին տրամաբանական է, որ Հայաստանը դառնա կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Բայց այդ հարցը դեռ քննարկվում է»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։
ՀԱՊԿ-ի նիստից հետո տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովը, որի ընթացքում նույնպես կադրային հարցեր կքննարկվեն։
ԵՏՄ առաջնորդները կքննարկեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը, որը պետք է աշխատանքը սկսի եկող տարվանից։ Արդեն համաձայնեցված է կոլեգիայի նախագահի թեկնածությունը. Վիկտոր Խրիստենկոյին այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Պետությունների ղեկավարները պետք է հաստատեն կոնկրետ թեկնածությունները (կոլեգիայում ներկայացուցիչների թիվը 3-ից դարձել է 2-Sputnik) `կոլեգիայի անդամների պաշտոններն ու նրանց լիազորությունների կարգը որոշելու համար»,- նշել է Ուշակովը։
ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։