Գոհար Սարգսյան, Sputnik.
Պատկերացնենք Ուկրաինայում ապրող վիետնամցի աղջկա, ում կյանքի միակ երազանքը Հայաստան գալն ու տեղի բնակչության համար հայկական ավանդական պարատեսակները ներկայացնելն է: Սա ֆանտաստիկ ֆիլմի սցենար է հիշեցնում, այնինչ անթաքույց իրականություն է:
Վիետնամցի Մարգարիտայի պարուսույցը հայազգի Քրիստինե Ուլուբյանն է: Կյանքի ուղին նրան տարել է Հայաստանի սահմաններից դուրս՝ դեպի Ուկրաինա: Հայրենասեր պարուհին որոշել է օտար ափերում քարոզել հայկական մշակույթն ու հայկական պարեր դասավանդել:
«Իմ ստեղծած պարային անսամբլը կոչվում է «Լիլիա» կամ տեղի լեզվով ասած՝ Լիլեյ: Պարուհիները հիմնականում ուկրաինացիներ են. միայն մեկն է վիետնամցի: Մի օր նրանց առաջարկեցի հայկական պարեր պարել, նրանք էլ, թե՝ դժվար կլինի, չենք կարող, չենք ուզում: Գլխումս մի լավ միտք ծագեց ու նրանց ասացի՝ եկեք բեմադրեմ, դրանից հետո ձեր վերջնական պատասխանը կտաք»,-պատմում է պարուսույցը:
Քրիստինեի առաջին քայլը պարուհիներին հայկական պատմության որոշ էջերին ծանոթացնելն էր: Հետո «վերցրեց» Առնո Բաբաջանյանի «Էլեգիան» ու բեմադրեց հուզական պարը:
«Սովորեցրի հայկական ոգով պարել, ու դա նրանց դուր եկավ: Հայկական պարերում կա մարմնի և ձեռքերի ճկունություն, անսահման խորություն և դարավոր պատմություն: Իսկ ուկրաինական պարերում լիրիկա չկա: Երբ աղջիկներն առաջին անգամ հայկական պարով բեմ դուրս եկան, ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարեցին, իսկ արդեն հետնաբեմում պարուհիները հուզմունքից լաց եղան. Էներգետիկ դաշտը մեծ էր»,-հպարտությամբ պատմում է Քրիստինե Ուլուբյանը:
Հետո սկսվեց հաղթարշավը. Ուկրաինայի որ քաղաքում էլ այս պարը ներկայացնեին, կամ առաջին հորիզոնականում էին հայտնվում, կամ էլ գլխավոր մրցանակի արժանանում: Քրիստինեի ուսանած «հանիր հոգիդ ու դիր ափերիդ մեջ» կարգախոսով պարուհիները բազմաթիվ հաջողություններ գրանցեցին: Նրանցից մեկն անգամ Մեծ թատրոն ընդունվեց:
Հիմա վիետնամցի և ուկրաինացի պարուհիները սպասում են Քրիստինե Ուլուբյանի նոր պարի բեմադրությանը: Առաջիկա պլաններում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից մի հատված բեմադրելը: