ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին` ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ըստ ոստիկանության` հարձակվողը դիմակավորված և զինված մտել է տուն, բայց հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:
Վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է: Հանգամանքները ճշտվում են:
Նախնական տեղեկություններով՝ ավազակային հարձակումը կատարվել է «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի տան վրա, տանը եղել են նրա կինը և զոքանչը, նաև մանկահասակ երեխաներ, հայտնում է news-am-ը։
Հարձակում կատարած ու հիվանդանոցում մահացած անձի ինքնությունը հայտնի է, նա 39-ամյա Գևորգ Սարգսյանն է, որը նախկինում ունեցել է սեփական բենզալցակայան։
Կայքը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երկու կանայք այս պահին գտնվում են ԲԿ-ի ընդհանուր վիրաբուժության կլինիկայում:
«Երկուսի վիճակն էլ բավարար է, ունեն վնասվածքներ, այս պահին մեզ մոտ բուժում են ստանում»,- հայտնել են հիվանդանոցից: