ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի- Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականին պետք է այնպիսի մարզիչ, որը փորձ է կուտակել եվրոպական դաշտերում, Sputnik Արմենիա պորտալին ասաց սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։
«Կարծում եմ` կարելի էր ավելի լավ թեկնածուի ընտրել: Հավաքականի համար այժմ շատ կարևոր ժամանակաշրջան է և նման դեպքում ընտրանու ղեկը պետք է վստահվեր եվրոպական ֆուտբոլում ճանապարհ անցած մասնագետի, եթե ցանկանում ենք հաջողություն գրանցել հավաքականի այս սերնդի հետ»,- ասաց Մեհրաբյանը։
Ըստ նրա` ինչ խոսք, Սուքիասյանը հարգված մասնագետ է, արդյունավետ է աշխատում նաև «Արարատի» հետ, բայց հավաքականի մակարդակն ու մարտահրավերներն այլ են:
«Առանձնակի մեծ սպասելիքներ չունեմ, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Մնում է միայն այս պատասխանատու պաշտոնում հաջողություն մաղթել Սուքիասյանին»,- ասաց Մեհրաբյանը։
Հետաքրքիր կարծիք հայտնեց նաև հայտնի ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։ Նա ենթադրում է, որ մարզիչ պետք է նշանակվեր ժամանակավորապես այդ պաշտոնում գտնվող Սարգիս Հովսեփյանը։
«Հաշվի առնելով նրա փորձը, «Փյունիկում» լավ խաղն ու այն փաստը, որ նա երկար տարիներ թիմի ավագն է եղել` Սարգսին պետք էր հաստատել մարզչի պաշտոնում։ Մարզիչը պետք է ներսից լինի, իսկ հայերի մեջ լավագույնը Հովսեփյանն է»,- ասաց ֆուտբոլիստը։
Sputnik Արմենիա պորտալը կապ հաստատեց նաև Սարգիս Հովսեփյանի հետ, բայց նա չցանկացավ մեկնաբանել ՀՖՖ-ի որոշումը։
«Ասելիք չունեմ»,- ասաց նա։
Փորձագետներն ու երկրպագուները ներկա մարզչից դժգոհ են, որովհետև հայկական թիմը չափազանց անհաջող է հանդես եկել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում` խմբում զբաղեցնելով վերջին տեղը և ութ խաղից հետո հավաքելով ընդամենը երկու միավոր։