ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Տարբեր երկրներում App Store-ի խմբագրությունները հայ մշակողների Shadowmatic հանրաճանաչ հավելվածը ճանաչել են 2015 թվականի լավագույն խաղ, Sputnik Արմենիա պորտալին հայտնեց Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը։
Այս տարի որոշումն ընդունվել է տարբեր երկրների փորձագետների կարծիքների հիման վրա։
Խաղի ժամանակ առաջարկվում են տարբեր չափի, ձևի պատկերներ` միաձույլ կամ առանձին, և խաղացողը պետք է պատկերները հավաքի այնպես, որ ստվերը վերածվի կոնկրետ օբյեկտի։
«Խաղը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։ ԱՄՆ-ում Shadowmatic-ը պարզապես լավագույնների ցուցակում է։ Շնորհակալություն եմ հայտնում խաղի բոլոր սիրահարներին»,- ասաց Դաբաղյանը։
Նա ավելացրեց, որ վերջին տվյալներով` խաղն ամենաշատը ներբեռնել են ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Հյուսիսային Կորեայում, Գերմանիայում և այլ երկրներում։
Shadowmatic 3D խաղն արդեն արժանացել է Apple Design Awards հեղինակավոր մրցանակի, ինչպես նաև հաղթել է ArmNet Awards 2015 մրցույթի «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգում։
Shadowmatic 3D խաղը գործարկվել է այս տարվա հունվարի 15–ին, այն հասանելի է ավելի քան մեկ տասնյակ լեզվով, այդ թվում` հայերեն։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ խաղում ավելացվել են նաև Arcade Mode–ն ու մանկական նոր մակարդակներ։
Պրոդյուսեր, «Triada studio»-ի գործընկեր Սերգեյ Հարությունյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասաց.
««Triada studio»-ի հետ համագործակցությունն իմ կյանքի հպարտություններից մեկն է: Այս տարի գրանցեցինք մեզ համար մի անմոռանալի երջանիկ պահ, երբ այդ նորության հուզմունքից դողում էին ձեռքերս: Խոսքը այն պահի մասին է, երբ լուսադեմին, ժամը վեցին ԱՄՆ-ից ստացանք լուրն այն մասին, որ «Aplle design award» հեղինակավոր մրցանակի ենք արժանացել: Իսկ այսօր արդեն ընդգրկվել ենք մի շարք երկրների լավագույն ցանկում, այդ թվում` Միացյալ Նահանգների, որտեղ ինքներդ հասկանում եք` որքան մեծ է մրցակցությունը: Հաջողության գաղտնիքը. ըստ իս, այն է, որ «Triada studio»-ն ամեն ինչ փորձում է անել որքան հնարավոր է մոտ իդեալականին` անվերջ հղկելով, շտկելով, մաքրել ու փայլեցնելով, դարձնելով մաքսիմալ ճիշտ ու ներդաշնակ: Դա միշտ եղել է ու շարունակում է մնալ «Triada»-ի սկզբունքը: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ իմ ընկերներին` Բագրատ Դաբաղյանին, Արա Աղամյանին, Արսեն Ավոյանին և Սերժ Մելքոնյանին: Վստահ եմ, որ կանգ չենք առնի և շատ շուտով կունենանք նորանոր հաղթանակներ»: