ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Նավթի համաշխարհային շուկան ցնցվել է. էտալոնային մակնիշի նավթի գները սկսել են անկում ապրել: «Բրենտ» մակնիշի գինն ընկել է` դառնալով մեկ բարելի դիմաց 39.88 դոլար: Սրան անմիջապես արձագանքեց ռուսական ռուբլու փոխարժեքը:
Չնայած իրավիճակի «մեղավորները» բացատրում են, որ նավթի գնի անկումը կապված է շուկայում վառելիքի ավելցուկով, այդուհանդերձ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը տնտեսական հիմնավորումների ֆոնին քաղաքական նպատակներ է տեսնում:
«Ռուսաստանն իր հիմնական ֆինանսական միջոցները մոբիլիզացնում է նավթի միջոցով: Միացյալ Նահանգները գիտակցաբար է իջեցնում նավթի գինը. Քաթարի, Սաուդյան Արաբիայի ու նավթի հիմնական այլ արտահանողների հետ կոալիցիա կազմելով` նա նպատակ ունի «աշխատել» ընդդեմ Ռուսաստանի: Նրանք վախենում են Դաշնության ուժեղացումից: Վլադիմիր Պուտինի պես ուժեղ վարքագիծ ու խելացի մոտեցումներ ունեցող նախագահի շնորհիվ Ռուսաստանը դոմինանտությունը չի թողնում Միացյալ Նահանգներին: Քաղաքական երանգն այս պատմության մեջ ընդգծված է»,-մեկնաբանում է տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանի խորին համոզմամբ` չնայած ԱՄՆ-ն բոլոր միջոցներն է օգտագործում այդ երկրի հիմքերը թուլացնելու համար, սակայն, ըստ նրա, սա ամենաարդյունավետ միջոցն է: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի «բյուջետային ծախսերն ու հիմնական ֆինանսական միջոցները կապված ու պայմանավորված են նավթով»:
Sputnik Արմենիայի այն հարցին, թե ի՞նչ դեր ունի Հայաստանը քաղաքական այս իրադարձությունների խաչմերուկում, Բոստանջյանը պատասխանեց. «Արժեզրկման շահագրգիռ կողմն այնպիսի ծրագիր է որդեգրել, համաձայն որի` գները կարող են իջնել մինչև 20 դոլար: Դա մեծ հարված կլինի, ու հենց դրանով կպայմանավորվի ազգային արժույթների, հատկապես ռուբլու արժեզրկումը: Քանի որ Հայաստանի դրամը հիմնականում կապված է ռուբլու հետ, նույն արժեզրկումը կլինի մեզ մոտ»։
Միաժամանակ, կանխատեսման համաձայն, Միացյալ Նահանգները երկարաժամկետ չի պահի նավթի ցածր գինը: