Երևանում Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստն է գումարվել երեքշաբթի, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ղրղըզստանի ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը և ներկայացուցիչները: Ըստ լրատվության` Հայաստանի և Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:
Խոսքը նախ «Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության» մասին է, որը մոտ 150 միլիոն դոլարի վարկավորում է նախատեսում հիմնադրամի կողմից: Գումարը կուղղվի Ագարակ – Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն ավարտելուն։
Հաջորդ նախագիծը, որի մասին որոշումն արդեն կայացվել է, իսկ համաձայնագիրն էլ` կնքվել, «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն է, ըստ որի` հայկական կողմին Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը 40 միլիոն ամերիկյան դոլարի վարկ կտրամադրի:
Ստորագրված մյուս համաձայնագիրը վերաբերում է նոյեմբերի 4-ին կնքված 300 միլիոն դոլար արժողությամբ ֆինանսական վարկին, որը տնտեսական արտարժութային քաղաքականության իրականացման ընթացքում ի հայտ եկող միջնաժամկետ և կարճաժամկետ ռիսկերի չեզոքացմանն ու տնտեսական աճի առավել բարձր տեմպ ապահովելուն է ուղղված: Ըստ համաձայնագրի` այդ տրանշի 100 միլիոն դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին որոշումն այսօր նույնպես կայացվել է: