ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին Սպիտակում 1988 թվականի երկրաշարժի հետևանքները վերացրած զինվորներին նվիրված հուշարձան է բացվել։
Արձանը պատրաստվել է բրոնզից, ունի 3.5 մետր բարձրություն, խորհրդանշում է խորհրդային զինվորին։ Կերպարը ստեղծել է Վադիմ Ֆրոլովի ղեկավարած հեղինակային կոլեկտիվը (քանդակագործը Ալեքսանդր Միրոնովն է, դիզայները` Սոֆյա Շլենկինը)։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Պիրումովը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երկրաշարժի հետևանքները վերացրած մասնակիցները, «Սպիտակի հուշարձան» ՀԿ–ի ղեկավար Նորայր Մուրադյանը։
Պաշտոնական արարողության ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետև ծաղիկներ դրեցին հուշարձանի մոտ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնեցին, որ հուշարձանը ստեղծվել է ժողովրդի միջոցներով` Մոսկվայում Ռուսաստանի ռազմապատմական միության նախաձեռնությամբ։ Հուշարձանի կառուցման համար միջոցներ են տրամադրել Ռուսաստանի բոլոր քաղաքները, իսկ այն Հայաստան են տեղափոխել ՌԴ ԱԻՆ–ի հատուկ ինքնաթիռով։
Ելույթ ունենալով բացման ժամանակ` Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հիշեցրեց, որ 1989թ.–ի հունիսին ընդունվել էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումը` «Սպիտակ քաղաքում` երկրաշարժի էպիկենտրոնում, հուշահամալիր կառուցելու մասին», որը կհիշեցներ սարսափելի ողբերգության մասին։ Սակայն հուշահամալիրի ստեղծման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին։ Խորհրդային Միությունը փլուզվեց, իսկ հարցի լուծումը` հետաձգվեց անորոշ ժամանակով։
Սակայն Նորայր Մուրադյանի նախաձեռնությամբ` Ռուսական ռազմապատմական միության, Ռուսաստանի ԱԻՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ, ինչպես նաև հազարավոր մարդկանց նվիրատվությունների շնորհիվ հաջողվեց ավարտել քառորդ դար առաջ սկսած գործը։
«Մինչև հիմա Հայաստանը լիովին չի սթափվել բնական աղետի հետևանքներից, որի հետքերը երևում են մինչ օրս։ Այդ ողբերգությունը ցնցեց ողջ աշխարհը։ Արտասահմանյան երկրները և դաշնակից պետությունները Հայաստան ուղարկեցին շինարարների և տեխնիկա։ Մեր մեծ հայրենիքի բոլոր անկյուններից ժամանեցին կամավորներ` տուժած ընտանիքներին օգնելու համար։ Ցանկանում եմ հիշել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չմնացին այդ աղետի նկատմամբ… Մահվան նկատմամբ կյանքի հաղթանակը, ժողովուրդների եղբայրությունը, գթասրտությունը խորհրդանշող այդ հուշարձանը մեծ ապագայի հույս է տալիս»,– ասաց դեսպանը։
«Մեր մտահաղացումն արձագանք է գտել այդ իրադարձությունների ականատեսների մոտ։ Հենց մեր նախագծում նրանք տեսան այն, ինչը հուզեց նրանց մինչև հոգու խորքը, հիշողություններ արթնացրեց։ Ի վերջո, մարդկային ողբերգությունը և ստեղծագործական ինքնարտահայտումն այնքան էլ համատեղելի չեն»,– ասաց ճարտարապետ Վադիմ Ֆրոլովը։ Հայաստանում հզոր երկրաշարժ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասնակի ավերվեցին Լենինականը (Գյումրին), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ` Վանաձոր) և ավելի քան 300 բնակելի տարածք։ Պաշտոնական տվյալներով` ողբերգության հետևանքով զոհվեց 26.5 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, ավելի քան 500 մարդ անօթևան մնաց։ Երկրաշարժի հետևանքների վերացման հարցում մեծ դեր ունեցավ Խորհրդային բանակը, որը վերացնում էր ավերակներն ու փրկում մարդկանց։ Բանակի ջանքերով հոսպիտալ ստեղծվեց, ջրատար անցկացվեց և վերականգնվեց Սպիտակի և մոտակա տարածքների ջրամատակարարումը, ջրով ապահովվեց ավելի քան 100 հազար մարդ։