ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանը կապ է հաստատել ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Նա ներկայացրել է, թե ինչպես է ընթանում քվեարկությունը Շիրակի մարզում: Ըստ մարզպետի, առայժմ ահազանգեր չկան։
«Կուզեի չլինեն, կուզեի դիմել հանձնաժողովներին, հասարակությանը, որ բոլորը փորձեն լինել անաչառ օրենքի սահմաններում, և որևէ արտառոց բան չէի ուզենա լիներ մեր մարզում։ Այս պահանջը դրված է բոլոր այն պատասխանատուների առջև, որոնք զբաղված են հանրաքվեով»,- ասել է Ցոլակյանը և նշել, որ ինքն էլ է արդեն մասնակցել ընտրություններին և քվեարկել է հանուն փոփոխությունների։
ՀՀ վարչապետն օրեր առաջ հանդիպում էր ունեցել Շիրակի մարզի շտաբի համակարգողների ու ներկայացուցիչների հետ, այնուհետև պատասխանել էր լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե «որքա՞ն «այո» կհավաքվի Շիրակի մարզում», վարչապետը պատասխանել էր` 30 տոկոսից ոչ պակաս։
Շիրակի մարզպետը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձավ նաև այդ հայտարարությանը։
«Վարչապետը մասնակցությունը նկատի ուներ, ոչ թե քվերակությունը, սխալ մեկնաբանություն է եղել։ Ես այդպես եմ հասկացել»,- ասաց Ցոլակյանը և նշեց, որ քվեարկության ցանկացած ելք նորմալ է համարում։
Մարզպետը վստահեցրեց, որ ընտրողների մասնակցության թիվն էլ կավելանա։
«Իմ կարծիքով այնքան չի լինի, որքան այլ համապետական ընտրություների ժամանակ, բայց չեմ կարծում քիչ լինի»,- ասաց Ցոլակյանը։
Ըստ նրա, Շիրակի մարզում քաղաքացիների իրազեկման ուղղված բոլոր միջոցառումներն իրականացվել են պատշաճ կարգով։