ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Այսօր գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի հեքիաթն իրականություն դարձավ: Հանդիսավոր երաժշտության ներքո կարմիր թելը կտրվեց, ու Իսակով 27/8 հասցեում պաշտոնապես բացվեց Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը:
«Մի անգամ երազեցի, ու երազանքս իրականություն դարձավ, գուցե մեկ անգամ էլ երազեմ, ու Երևանում երկրորդ մարզադաշտը կառուցվի»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց Գինեսի ռեկորդակիր Իրինա Ռոդնինան ու ավելացրեց. «Իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Հայաստանում, և ես շնորհակալ եմ նախաձեռնողներին: Այստեղ ես դասընթացներ կանցկացնեմ, սակայն ոչ ամեն օր: Արդեն պայմանավորվածություններ ունեմ Ռուսաստանի լավագույն մարզիչների հետ, նրանք պարբերաբար կգան ու կմարզեն ապագա գեղասահորդներին»:
Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին:
Իսկ ինչպե՞ս է ծագել դպրոց ու սահադաշտ կառուցելու միտքը: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց ֆինանսավորող հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիկչյանը.
«Նախորդ տարի Ռուսաստանից մշակույթի գործիչներ էին եկել Հայաստան: Նրանց պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ մեր հիմնադրամի նախագահ, մոսկվաբնակ Սերգեյ Համբարձումյանը լսել էր Իրինա Ռոդնինայի զրույցը Հայաստանի նախագահի հետ: Ռոդնինան ասել էր՝սառույց չունեք, թե չէ ես կգայի այստեղ ու աշխարհի չեմպիոն կտայի ձեզ: Համբարձումյանն էլ, ի պատասխան, խոստացել էր սահադաշտ կառուցել ու հանձնել Հայաստանին»:
Իրինա Ռոդնինան իր հերթին հիշում է խոստումը. «Սխալ կլինի, եթե ասենք, որ հենց վաղը մենք չեմպիոն կպատրաստենք: Բայց և ակնհայտ է, որ այստեղ տաղանդավոր երեխաներ ու նպատակասլաց մարզիչներ կան: Նշանակում է՝ արդյունքը կտեսնենք շուտով: Հիմա խոստումը գործնականի վերածելու ժամանակն է»:
Երևանյան նոր գեղասահքի դպրոցի բացման արարողությանը մասնակցեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի ու այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Նա շրջեց միջազգային չափորոշիչնրին համապատասխանող դպրոցում, ներկա գտնվեց կազմակերպված հանդիսությանը:
Սահադաշտ մուտք գործելու առաջին հնարավորությունը տրվեց Երևանի գեղասահքի դպրոցի սաներին, որոնց գլխավորում էր Մոսկվայից եկած գեղասահորդուհին՝ Անաստասիան: Աղջիկը պատմեց, որ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը: Հետո խոստացավ, որ հայերեն վարժ խոսել է սովորելու: Անաստասիայի ասածն ու խոստումները ստիպեցին հարցնել արմատների մասին: Պարզվեց՝ Անաստասիան Գալուստյան է, հոր կողմից՝ հայուհի:
«Երեք տարեկանից սահադաշտում եմ, այսինքն՝ արդեն 13 տարի: Հպարտ եմ, որ մասնակցել եմ Երևանի սահադաշտի բացմանը: Շատ լավ սառույց է ու հաճելի ջերմաստիճան»,-ոգևորված ասաց Անաստասիա Գալուստյանը:
Ավելացնենք, որ Երևանի սահադաշտի շինարարությունը սկսվել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին: Շենքն ամբողջությամբ 7820 քմ տարածք ունի: Հիմնական նախագծային աշխատանքները կատարել է Մոսկվայի սպորտային տեխնոլոգիաների հայտնի ընկերությունը: Բացի պրոֆեսիոնալ գեղասահորդներից, նոր սահադաշտ կարող են այցելել բոլոր ցանկացողները: