ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Սթինգի, Անդրեա Բոչելիի, Մերի Ջեյ Բլայջի, The Rockettes խմբի համերգից անմիջապես հետո նախօրեին Նյու Յորքում վառվեցին ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը։
Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի երկնաքերի մոտ տոնական եղևնու լույսերը վառելու 83-րդ ամենամյա արարողությամբ ազդարարվեց Սուրբ ծննդյան սեզոնի պաշտոնական մեկնարկը։ Այս ձմռան հերոսուհին 24 մետր բարձրություն ունի, աճել է Նյու Յորք նահանգում, մոտ 80 տարեկան է: Տոնածառը զարդարելու համար օգտագործվել է ավելի քան 30 հազար գույնզգույն լույս և 8 կմ լար: Տոնածառի գագաթին արդեն ավելի քան 10 տարի տեղադրվում է բյուրեղապակյա նույն աստղը։
Ձմռան տոները դեռ աշնանն են սկսվել Կանադայում` Տորոնտոյում նոյեմբերի 28-ին սեզոնը բացել է Cavalcade of Lights միջոցառումը, որի ժամանակ առաջին անգամ վառվում են քաղաքի գլխավոր եղևնու լույսերը, այս տարի այդ արարողությունն անցկացվել է 49-րդ անգամ։
Պրահայում և Չեխիայի մյուս քաղաքներում նույնպես տոնածառի լույսերը վառվել են աշնան վերջին հանգստյան օրերին։ Չեխիայի գլխավոր եղևնու լույսերը Պրահայի Ստարոմեստսկու հրապարակում արծաթափայլ գույներով շողացին դասական երաժշտության ներքո, որին հաջորդեց լուսաձայնային շոուն։
Ձմռան առաջին օրը տոնի վերածվեց մի շարք քաղաքներում. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տաք եղանակ էր, ձյուն չկար, և մարդիկ ցնծությամբ դիմավորեցին ձմռան տոների մեկնարկը։ Քիշնևում վառվեցին տոնածառի լույսերը և տոնականորեն լուսավորվեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Աստանայում ևս ողջ գեղեցկությամբ փայլեց տոնական եղևնին։
Իսկ Յակուտիայում ոչ միայն վառվեցին տոնածառի լույսերը, այլև Ձմռան մեկնարկի առիթով մարդկանց շնորհավորեց ինքը` Ձմեռ պապը Մեծ Ուստյուգից։
Երևանը դեռ չի միացել ձմեռային տոնին. Հանրապետության հրապարակում ընթացքի մեջ է մայրաքաղաքի գլխավոր տոնածառը տեղադրելու աշխատանքը, նախ կհավաքվի մետաղական կառույցը, որից հետո դրա վրա կամրացվեն եղևնու ճյուղերը, տոնածառի բարձրությունն այս տարի կլինի 32 մետր։ Այն կզարդարվի լուսադիոդային տոնական շղթաներով և խաղալիքներով` իր գեղեցկությամբ չզիջելով մյուս երկրների տոնական եղևնիներին։