ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը դեկտեմբերի 1-ից գործարկում է Sputnik-ի հայերեն ռադիոհեռարձակում` նորացված ձևաչափով։ Ռադիո Sputnik Հայաստանը կարելի է լսել նախկին FM 106.0 հաճախականությամբ, ռուսերեն և հայերեն տարբերակները` պորտալում, ինչպես նաև 24-ժամյա ռեժիմով Sputniknews հատուկ բջջային հավելվածի միջոցով` iOS և Android համակարգերով։
Sputnik Արմենիա ռադիոկայանը նոր եթերաշրջանում ունկնդրին կներկայացնի ոչ միայն օպերատիվ տեղեկատվական-վերլուծական հաղորդաշար, այլև հեղինակային ծրագրեր` Հայաստանի, ինչպես նաև մերձավոր ու հեռավոր արտասահմանի երկրների հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի վերաբերյալ։
Նոր եթերաշրջանի հեղինակային ծրագրերից են`
— Արամ Չախոյանի «Տետ–ա–տետ» ծրագիրը, որը երկխոսություն է ստուդիայում գտնվող հյուրի հետ հասարակական ամենաարդիական և քննարկվող թեմաներով, ինչպես նաև նրա հեղինակային «Ուրիշ նորություններ» ծրագիրը` Հայաստանի և աշխարհի նորությունների առաջին տասնյակում չհայտնված իրադարձությունների մասին։
– Արման Վանեսքեհյանի «Իրականում» վերլուծական ծրագիրը, որը եթեր է դուրս գալու ամեն օր։ Ծրագրում հեղինակը ներկայացնում է ընթացիկ արտաքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը` դրանք շաղկապելով Կովկասի տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի իրողությունների հետ։
— Կարեն Ավետիսյանի «Հայաստանի գանձեր» մշակութային ծրագիրը, որը կառուցված է որպես հաղորդաշար` Հայաստանի պատմության ու հայկական մշակույթի կարևորագույն իրադարձությունների և նշանավոր մարդկանց մասին, ինչպես նաև «ԱրտԲոքս» ծրագիրը, որն ամենշաբաթյա զրույց է ստուդիայում գտնվող հյուրի հետ` արվեստի ու մշակույթի թեմաներով։
– Ամալյա Պապյանի «Կաղապարից դուրս» տեղեկատվական նախագիծը, որտեղ կներկայացվեն սոցիալական նշանակություն ունեցող պատմություններ և հայ հասարակությանը վերաբերող իրադարձություններ։
«Մենք նոր ծրագրերով հագեցած եթեր ենք սկսում, որպեսզի ինտերակտիվ շփում ապահովենք լսարանի հետ` ներկայացնելով երկրի ներսում և նրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատկերը։ Փոփոխված ձևաչափը և տեսլականը մեզ հնարավորություն կտան արժանի տեղ զբաղեցնել Հայաստանի առաջատար ռադիոկայանների շարքում», – նշեց Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։
Sputnik Արմենիա ռադիոկայանի նոր եթերում ունկնդիրը հնարավորություն կունենա ուղիղ եթերում հարցեր ուղղել հաղորդավարներին և ստուդիայում գտնվող հյուրերին։ Sputnik Արմենիա ռադիոյի ունկնդիրները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ ուղիղ եթերի ժամանակ զանգահարելով ստուդիա կամ մեկնաբանություններ թողնելով Sputnik Armenia–ի facebook և twitter սոցիալական ցանցերի էջերում։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: