ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik. Բելգիայի ոստիկանությունը Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների առնչությամբ կիրակի երեկոյան հերթական խուզարկություններն է անցկացրել Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով RTBF հեռուստառադիոընկերությանը։
Գործողությունն անցկացվում է դատարկ տանը և այլ շինություններում, որոնք գտնվում են կոմունայի փողոցներից մեկում։ Փողոցը փակ է։
Նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների մասին գործի առնչությամբ բելգիական ոստիկանությունը կանոնավոր գործողություններ է անցկացնում Բրյուսելում և բելգիական այլ քաղաքներում։ Արդեն վեց հոգու մեղադրանքներ են ներկայացվել։
Նոյեմբերի 13-ին Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Մահացել է 130 մարդ: