ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Լոս Անջելեսում հինգշաբթի մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն-հանգանակությունը, որի նպատակն այս տարի Արցախի
բազմազավակ ընտանիքների բնակարանային և այլ կարիքներն են, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
Հանգանակությամբ առիթով հիմնադրամի ԱՄՆ արևմտյան և արևելյան շրջանների տեղական մարմնները հանդես են եկել միասնական ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է, որ համայն հայությունը, անկախ քաղաքական համոզմունքներից, կրոնական պատկանելիությունից և սոցիալ-տնտեսական վիճակից, կրկին համախմբվում է` ի նպաստ Հայաստանի ապագայի:
«Ավելի քան քառորդ դարի ընթացքում մեր հայրենակիցները հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել են շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծառայել է անկախ Հայաստանի պետականության ամրացմանն ու հայրենիքում տասնյակ հազարավոր մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ավելի քան 1000 ծրագրի»- նշված է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները նշում են, որ այս տարվա դրամահավաքը կօգնի հայ ծնողներին բարեկեցիկ պայմաններում դաստիարակել ու կրթել Հայաստանի ու Արցախի ապագա գիտնականներին, բժիշկներին,
պետական գործիչներին:
«Ձեր առատաձեռն նվիրատվություններով տներ կկառուցենք Արցախում հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար, ովքեր այսօր զուրկ են կենցաղային պատշաճ պայմաններից: Արցախում 5 և ավելի երեխա ունեցող 466 ընտանիք կա, որոնցից 211-ն ապրում է ծանր կենցաղային պայմաններում: Բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ բազմամարդ ու ոչ պատշաճ պայմաններում մեծացող երեխաների աճն ավելի դանդաղ է ընթանում, մեծ է նաև մենինգիտ, տուբերկուլյոզ, ասթմա, սրտանոթային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը»,- նշված է հայտարարությունում:
Հիմնադրամի կողմից կառուցվելիք տները շահառուներին կհանձնվեն կահավորված և կենցաղային տեխնիկայով հագեցած: Առանձնատները կունենան շուրջ 1000 քմ տնամերձ հողակտոր: Նախապատվություն կտրվի ցածր եկամուտ ունեցող, ինչպես նաև Արցախի զինված ուժերում ծառայողների, արցախյան ազատամարտի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Հիմնադրամի գործադիր վարչությունը հայտնում է, որ հայաստանաբնակները նվիրատվություն կարող են կատարել հետևյալ կերպ. նոյեմբերի 1-ից 30-ը` SMS ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 համարով, այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք։
Իսկ ամբողջ տարվա ընթացքում հնարավոր է նվիրատվություն կատարել` այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն, բանկից փոխանցում կատարել հիմնադրամի ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆ դոլար), ինչպես նաև առցանց` https://donate.himnadram.org: