ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. RT-ի թղթակից Ռոման Կոսարևը լրագրողներից առաջինն է խոսել Թուրքիայի ՌՕՈՒ-ի խոցած ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի հետ։
«Օդաչուին բերել են հոսպիտալ, որն այստեղ` Լաթաքիայի մեր բազայում է գտնվում։ Ես ինքս եմ տեսել նրան այսօր առավոտյան, մենք միասին նախաճաշել ենք։ Նա նորմալ տեսք ուներ, մի քիչ կաղում է, սակայն լավ է զգում իրեն, բժիշկներն ասում են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», — պատմել է RT-ի թղթակից Ռոման Կոսարևը։
Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռմբակոծության տակ է հայտնվել նաև լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան, որում եղել են նաև RT-ի թղթակիցներ Ռոման Կոսարևն ու Սարգոն Խադայան։ Մեքենան ուղևորվելիս է եղել Թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Դաղմաշլիա բնակավայր, որը Սիրիայի բանակը վերջերս է ազատագրել գրոհայիններից: Ռմբակոծության հետևանքով լրագրողները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ռոման Կոսարևի խոսքով` հարվածը հասցվել է ահաբեկիչների վերահսկողության տակ անցած Սալմա բնակավայրից: Ռոման Կոսարևը կոնտուզիա է ստացել և փակ գանգուղեղային վնասվածք, իսկ Սարգոն Խադայան` մի քանի բեկորային վնասվածք։