Հայ երկրպագուները` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման գլխավորությամբ, երթ են անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) շենքի մոտ։ Նրանք առաջադրել են չորս պահանջ, այն է` բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մարզիչ վարձել հավաքականի համար (Սարգիս Հովսեփյանի փոխարեն), վերանայել ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելու պրակտիկան` տարբեր տարաձայնությունների պատճառով, նվազեցնել ազգային հավաքականի խաղերի տոմսերի գները, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Վերջին պահանջը FAF-ն առաջադրել է այն բանից հետո, երբ Հայրապետյանն անտեսել է առաջին երեքը։
Մի քանի տասնյակ երկրպագու ոստիկանության ուղեկցությամբ անցել է քաղաքի կենտրոնով` Ալ. Սպենդիարյանի անվանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ` պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Հասնելով ՀՖՖ շենքի մոտ` նրանք փորձել են շենքի պարիսպների վրա ամրացնել իրենց պաստառներից մեկը` «Քո ժամանակը եկել է» գրությամբ, բայց ոստիկանությունը թույլ չի տվել։ Արդյունքում պաստառը պատռվել է, երկրպագուների և ոստիկանության միջև սկսվել է ծեծկռտուք։ Ոչ ոք չի տուժել, որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները ցրվել են։
FAF անդամների խոսքով` իրենք կշարունակեն ակցիաներն այնքան ժամանակ, մինչև ՀՖՖ ղեկավարությունը հրաժարական կտա։
Նրանք կոչ են արել երկրպագուներին` չնահանջել այնքան ժամանակ, մինչև Հայաստանի հավաքականում իրավիճակը չբարելավվի և խաղացողները չսկսեն ցուցադրել որակյալ ֆուտբոլ։
FAF բողոքի ակցիաների առիթը Հայաստանի հավաքականի անհաջող ելույթն է Euro-2016–ում։ Հայկական թիմն ավարտել է եվրոպական առաջնության ընտրական մրցաշարը` սեփական հարկի տակ ալբանացիներից կրած խոշոր պարտությամբ և զբաղեցրել խմբում վերջին տեղը` ութ խաղից հետո հավաքելով ընդամենը երկու միավոր։

























