ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2015» մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, 22։30-ին։ Հայաստանը ներկայացնող 12-ամյա Միկան հանդես կգա 11-րդ համարի ներքո և կներկայացնի «LOVE» երգը:
Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակվել է մասնակից երկրների ազգային ժյուրիների կազմը, որոնց սահմանած միավորները գումարվելու են հեռուստադիտողի քվեարկության արդյունքներին և կազմելու են տվյալ մասնակցի վերջնական միավորը:
Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են Արթուր Ասատրյանը, Ինգա Արշակյանը, Էմմա Ասատրյանը, Ալլա Լևոնյանն ու Էրիկ Կարապետյանը։
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:Մրցույթն այս տարի կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Համերգները կկայանան Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կարող է հյուրընկալել շուրջ 8000 հանդիսատեսի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը: