ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի —Sputnik. Աշխարհի ոչ մի երկիր դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ զբոսաշրջիկներն այցելեն այս երկիր և վայելեն վայրի գեղեցկությունն ու հայկական հյուրընկալությունը: Die Welt գերմանական ամսագրի թղթակից Էլիան Էհրենռայխն այսպես է սկսում Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին պատմող հոդվածը:
«Ժանգոտ, դարն ապրած «Վոլգայով» գլխապտույտ արագությամբ հասնում ենք հսկիչ անցակետ: Սահմանապահը գլուխը դուրս է հանում պատուհանից, ստուգում մեր փաստաթղթերը, հետո թույլ է տալիս առաջ շարժվել: Նա կարծես թե ռուս էր»,- գրում է հեղինակը:
Հայերն ազատ մուտք ունեն Լեռնային Ղարաբաղ՝ փոքրիկ, ինքնահռչակ երկիր՝ 130 000 բնակչությամբ: Մյուսներն այստեղ գալու համար պետք է մուտքի արտոնագիր ունենան:
«Հետևում թողնելով կարմիր տանիքներով Գորիսը՝ մենք հանկարծ հայտնվում ենք Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ասես երկնքից իջած երկիր լինի: Այստեղ ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այս հողակտորը արյունահեղ պատերազմի, մարտերի հարթակ է եղել տարիներ առաջ: 1994թ.-ին կնքված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը ինքնիշխանության խորհրդանիշ է դարձել աշխարհասփյուռ հայերի համար:
Բջջային հեռախոսի վրա հայտնվում է «Բարի գալուստ, Ադրբեջան» գրությունը, մինչդեռ ադրբեջանցիներն արդեն վաղուց կորցրել են նախկին անկլավը, որտեղ անհիշելի ժամանակներից բացառապես հայեր են ապրել»,- գրում է հոդվածի հեղինակը:
Տարեկան ընդամենը մի քանի հազար այցելու
Ինչպես նշում է հոդվածագիրը, մոլորակի այս զարմանահրաշ անկյունը ասես քրիստոնեական կղզի լինի, որը տարեկան ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ է ունենում:
Աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես հայերն են անվանում այն, Արցախի Հանրապետությունը ճգնաժամային գոտի է, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով առաջացած քաոսից: Այստեղ են գալիս հիմնականում սփյուռքահայերը և նրանք, ովքեր սիրում են իրենց անձնագրում երկրագնդի ամենաանսովոր վայրերն այցելելու կնիքներ դրոշմել:
64-ամյա Իննա Մելքումովայի համար Լեռնային Ղարաբաղը կարոտի վայր է, որի մասին նա գիտի միայն մահացած ծնողների պատմություններից: Իննայի ծագման պատմությունն արտացոլում է այս երկրի ողջ ողբերգությունը: Նրա նախնիներն ապրել են Օսմանյան կայսրությունում, իսկ հետո փրկվել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից և հասել Ռուսաստան:
Հայաբնակ Ղարաբաղում նրանք նոր հայրենիք են գտել: Բայց խորհրդային շրջանը նոր անակնկալներ է մատուցել նրանց: Ստալինի օրոք ընտանիքը տեղափոխվել է ադրբեջանական Գյոգյոլ, որտեղ էլ ծնվել է Իննան: Այժմ նա ապրում է Երևանում, իսկ նրա ընտանիքը ցրվել է աշխարհով մեկ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա:
Այժմ Իննա Մելքումովան և նրա 77-ամյա քույրը՝ Նատալյան, կանգնած են սահմանին: Գերմանիայից ժամանած որդու և այլ հարազատների հետ երկու քույրերը ցանկանում են առաջին անգամ այցելել մոգական Ղարաբաղ:
Երկիրը մինչ օրս անհասանելի է եղել Իննայի համար՝ ինչպես հայերի համար սրբազան Արարատը, որը գտնվում է հարևան Թուրքիայի տարածքում:
Պատերազմի հետքերը
Երբ հատում ենք սահմանը, մեր առջև բացվում է մշակված լեռնային ճանապարհը, որը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: 20 տարի է անցել, բայց պատերազմի հետքերը դեռ լրիվ չեն վերացել. Շուշիով անցնելիս գնդակոծված ու լքված տներ ենք տեսնում: Շուշին ադրբեջանցիների վերջին հենակետն է եղել, որտեղից գնդակոծել են Ստեփանակերտը, սակայն հայերը կարողացել են գրավել քաղաքը՝ դուրս մղելով ադրբեջանցիներին:
Հասնելով Ստեփանակերտ՝ մենք կանգ ենք առնում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ, որը կառուցվել է կես դար առաջ ու անկախության խորհրդանիշ դարձել:
Ո՞վ է ամենահայտնի հայը
«Քաղաքում ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին: Այն ավելի հանգիստ է և նույնիսկ ավելի մաքուր, քան Երևանը: Բազմամարդ շուկայում կարելի է ժինգյալով հաց գնել, համեղ բլիթ՝ կանաչիով լցոնված: Մեզ սուրճ ու փախլավա են հյուրասիրում:
Ես մարդկանց հարցնում եմ՝ ո՞վ է աշխարհում ամենահայտնի հայը: Պատասխանները տարբեր են, մեկն ասում է՝ Հենրիխ Մխիթարյանը, մյուսը՝ Արթուր Աբրահամը, հետո հնչում են ուրիշ անուններ՝ Շեր, Անդրե Աղասի, Արտեմ Միկոյան: Քիմ Քարդաշյանի անունը լսելիս՝ մարդիկ տարակուսանքով ինձ են նայում: Միակ մարդը, որի համաշխարհային հռչակն անվիճելի է, Շառլ Ազնավուրն է, ու մենք միասին թթի օղիով խմում ենք նրա կենացը»,- եզրափակում է հեղինակը: