ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. Աշխարհի բոլոր անկյուններում ամեն օր երեխաների նկատմամբ բռնության ու շահագործման դեպքեր են գրանցվում:
Աշխարհի տարբեր վայրերում և ցանկացած եղանակի կարելի է հանդիպել փոքրիկ աշխատավորների, որոնք կռիվ են տալիս մի կտոր հացի համար: Երկու օր առաջ աշխարհը նշում էր Երեխայի համաշխարհային օրը (Universal Children's Day), և Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե Հայաստանի տարածքում ինչ միջոցներ են ձեռնարկվում մանկական աշխատանքի շահագործումը և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու համար:
«Նա մեզ մոտ էր եկել փողոցից, տաքանում էր ձմռան սառնամանիքին՝ գրկելով ջեռուցման մարտկոցը: Ի զարմանս մեզ, նա մեզանից տիկնիկ ուզեց: Սկզբում չհասկացանք, թե տղայի ինչին է պետք տիկնիկը: Հետո պարզվեց՝ նա տիկնիկը խնդրում էր քրոջ համար: Ամեն անգամ հերթական պատմությանը ծանոթանալիս մտածում ես, որ քեզ արդեն ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել, բայց, միևնույն է, չես դադարում զարմանալ»,- պատմում է «Օրրան» բարեգործական կազմակերպության հասարակության հետ կապերի ներկայացուցիչ Սուսաննա Մանուկյանը:
«Օրրանը» մանկական մուրացկանությունն ու մի շարք այլ խնդիրներ վերացնելու աշխատանքներ է իրականացնում անչափահասների հետ: Տվյալ պահին «Օրրանի» Վանաձորի գրասենյակում 100 երեխա է գրանցված, նույնքան էլ՝ մայրաքաղաքում:
«Մեր երեխաների ճակատագրերը տարբեր կերպ են դասավորվել. ինչ-որ մեկը հիմա ոճաբան է, մյուսը մեքենաներ է վերանորոգում, ոմանք արդեն ամուսնացել են և երեխաներ ունեն, մեկը հացի ուռ է բացել, շատերն իրենց ուժերով համալսարան են ընդունվել»,- պատմում է Մանուկյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանն էլ հայտնեց, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության բոլոր տեսակների դեմ:
«Մենք արդեն 82 տեսուչ ունենք միջնակարդ դպրոցի ավագ դասարաններում, նրանք հետևում են կարգուկանոնին, աշխատում այն երեխաների հետ, որոնք ընտանիքում խնդիրներ ունեն և բռնության են ենթարկվում: Տեսուչներն անչափահասների ավագ ընկերներ են դառնում»,- նշեց նա և ավելացրեց, որ երկրում նվազել են երեխաների մուրացկանության դեպքերը:
Իրավապահ մարմինների կատարած աշխատանքի արդյունքն ակնհայտ է. «Դեռ 10, 12 տարի առաջ մենք շուրջ 100 երեխա ունեինք, որոնք մուրացկանություն էին անում, իսկ այսօր նրանց թիվը հասել է 5-ի»,- նշում է Դուրյանը:
1954թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն առաջարկել է բոլոր երկրներին տոնել Երեխայի համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր: Ավելի ուշ՝ 1959թ.-ի նոյեմբերի 20-ին, վեհաժողովն ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.-ին՝ Երեխայի իրավունքների կոնվենցիան: