ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ուղևորային, մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտել և կանխել են հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 10-ին Սան Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի, 1973թ. ծնված Իլինա Շելևերի ուղեբեռը։ Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվել է մեկական փաթեթ` սպիտակ գույնի փոշենման զանգվածով։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության, որտեղ պարզվել է, որ ավելի քան 3 կգ զանգվածը կոկաին թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ 1 մլն դոլար։
Ըստ նախնական տեղեկությունների` ապօրինի թմրամիջոցը ձեռք է բերվել Լատինական Ամերիկայում։
Իլինա Շելևերը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն։