ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 17-ամյա հայուհի էր կորել։ Հարազատները մի քանի օր շարունակ փնտրում էին աղջկան, սակայն` անարդյունք։
Այսօր` նոյեմբերի 17-ին, մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Ֆրանսիայի քաղաքացի Լոլա Ուզունյանը մահացել է։ Նման տեղեկություն հրապարակելու պատճառ է դարձել Twitter-յան էջում հայտնված գրառումը, որում նշված է, թե Ուզունյանը հայտնվել է է ահաբեկչության հետևանքով զոհվածների շարքում։ Սակայն տեղեկությունը նախնական է, և աղջկա հարազատները դեռ չեն հաստատել այն։ ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik-Արմենիայի թղթակցին նշեց, որ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները ներխուժել էին «Բատակլան» համերգասրահ, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ահաբեկչության ժամանակ ավելի քան 100 մարդ էր սպանվել, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ էին ստացել։ Լոլա Ուզունյանի հայրը խառնաշփոթի ժամանակ կորցրել էր դստերը, մեկ օր անց հայրը տուն էր հասել, իսկ Լոլայից այդպես էլ որևէ տեղեկություն չէր ստացել։ Հարազտաները պարզել էին, որ Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել:
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա — Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: