ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնում դեռ չկա միասնական ցուցակ, որում նշված կլինեն Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհված և տուժած անձանց անունները, սակայն հայտնի է, որ կորել է ՌԴ-ում ծնված մի կին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության թեժ գծից:
«Միասնական ցուցակ մենք չունենք: Վերջնական ցուցակ դեռ չկա, քանի որ անընդհատ նոր տեղեկություն ենք ստանում: Դեռևս չենք կարող ասել՝ իրականում քանի օտարերկրյա քաղաքացի է տուժել և կոնկրետ որ երկրներից են նրանք եղել», — ասել են թեժ գիծ ծառայությունից:
Թեժ գծի աշխատակիցները նշել են, որ Ռուսաստանում ծնված Նատալյա Մուրավյովայի (Բուլիգինա-Լորեն) անունն արդեն ներառված է կորած մարդկանց ցանկում: Կինն ահաբեկչության պահին եղել է «Բատակլան» թատրոնում:
Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: