ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Երկրի ղեկավարության, Հայաստանի պաշտոնյաների հետ միասին Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգում և ֆրանսիացի ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնում նաև հասարակ երևանցիները:
Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Անհայտ անձը կրակ է բացել ֆրանսիական մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե ֆրանս» մարզադաշտից ոչ հեռու, որտեղ անցկացվում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, Փարիզի «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ 11-րդ շրջանում անհայտ անձինք պատանդներ են վերցրել: Փարիզի քաղաքապետարանը հայտնել է այս ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 150 մարդու մահվան մասին: Ավելի քան 110 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» թատրոնում մարդկանց պատանդ վերցնելու ժամանակ, ևս 40-ը դարձել են մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ:
Շաբաթ օրն առավոտից Երևանի բնակիչները ծաղիկներ են բերում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նրանց թվում են երիտասարդներ, երեխաներ և թոշակառուներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ:
Սգացողների հետ միասին իրենց հարգանքի տուրքը մատուցելու են եկել տարեց ամուսիններ Սոֆյա Մելիքյանն ու Գրենիկ Հակոբյանը:
«Նման բան չպետք է տեղի ունենար, ցավակցում ենք բոլորին: Ֆրանսիացիներն այն ազգն են, որն աշխարհում ամենից շատն է սիրում ճշմարտությունն ու ազատությունը: Փարիզը մեր ամենասիրելի քաղաքն է, իհարկե, Երևանից հետո: Այնտեղ կային մարդիկ` հասարակ մարդիկ` մեր ծնողների, մեր զավակներին նման: Մենք հարազատներ չունենք այնտեղ, մենք պարզապես եկել ենք մեր ցավակցությունը հայտնելու», — Sputnik Արմենիա պորտալին ասաց Սոֆյան:
Նրա ամուսնու խոսքերով` Ֆրանսիայում իրենք ընկերներ ունեն, բարեբախտաբար, նրանց ոչինչ չի պատահել, իրենք արդեն ճշտել են:
Թոշակառու Վազգեն Պետրոսյանի խոսքով` կատարվածը մեծ ողբերգություն է ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ Եվրոպայի համար:
«Անհրաժեշտ է կենտրոնանալ և հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Ժամանակն է կանգնեցնել այդ ամենը, եթե մի փոքր էլ հապաղեն, ապա այդ ամենը կտեղափոխվի Ռուսաստան, իսկ հետո նաև Հայաստան, Կովկաս: Ես մեծ գերտերության ղեկավար չեմ, որպեսզի ուղղություններ ցույց տամ, թե ինչպես կարելի է այս ամենը դադարեցնել: Ճանապարհները շատ են, եթե ես լինեի Ֆրանսիայի առաջնորդը, ապա թույլ չէի տա, որպեսզի գործը սրան հասներ: Ֆրանսիայում ես և´ հարազատներ, և´ ընկերներ ունեմ: Դեռ չգիտեմ, թե ինչպես են նրանք», — ասաց թոշակառուն:
Դեսպանատան մոտ եկածների մեջ է նաև Վոլոդյա Մկրտչյանը, նրա խոսքով` յուրաքանչուր հայ, լինի հայրենիքում, թե Սփյուռքում, տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իրեն պետք է վատ զգար, քանի որ ֆրանսիացիները նաև այսօր, ինչպես և անցյալում, նվիրված են եղել հայ ժողովրդին:
«Ողբերգության մասին իմանալուց հետո, ինձ շատ վատ եմ զգացել: Այսօր դստերս հետ եկել ենք մեր վիշտը հայտնելու: Ձեր միջոցով ուզում եմ, որպեսզի այդ մասին լսեն բոլոր հայերը և իրենց պարտքը կատարեն Ֆրանսիայի ժողովրդի առջև: Նրանք միշտ մեզ աջակցել են, հենարան են եղել մեզ համար: Ֆրանսիայում է գտնվում մեծությամբ երկրորդ մեր համայնքը, որը մեծ ներդրում ունի մեր ժողովրդի խնդիրների լուծման հարցում», — ասաց Մկրտչյանը:
Լրագրող Կարեն Թովմասյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Հայաստանի համար եղբայրական երկիր է, այսպիսի ողբերգության պարագայում բոլորը պետք է համերաշխություն ցուցաբերեն:
«Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է մի կողմ թողնել ազգությունն ու պետությունը: Զոհվել են հասարակ մարդիկ, ազատ մարդիկ, ովքեր ոչ մի ընդհանուր բան չունեն երկրի արտաքին քաղաքականության հետ: Ես ժողովրդին, ակտիվիստներին կոչ կանեի սոցցանցերում մի կողմ թողնել կրոնական պատկանելությունը, կարևոր չէ զոհերը արաբներ են եղել կամ քրիստոնյաներ, քանի որ երկու օր առաջ ահաբեկչություն է եղել նաև արաբների դեմ: Սարսափելի երևույթ է մարդկանց կրոնների բաժանելը: Նրանք ահաբեկչություն չեն քարոզում, այլ հարց է, որ մարդիկ այլ կերպ են մեկնաբանում սուրբ գրքերը», — ասաց Թովմասյանը:
Ֆրանսիայի ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև պաշտոնական անձինք: Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով` նա իր պարտքն է համարում լինել Հայաստանի հետ դարավոր բարեկամություն ունեցող եղբայրական Ֆրանսիայի ժողովրդի կողքին:
«Այս դժվար օրը մենք պետք է ցույց տանք, որ մենք միասնական ենք, միասին բռնության դեմ, ահաբեկչության դեմ: Ոչ մի ահաբեկչություն չպետք է խոչընդոտի առաջադեմ մարդկությանը` պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքները: Չի կարելի ասել, որ եթե մարդու իրավունքներ չեն հարգվում որևէ ծայրահեղականի կողմից, և մարդիկ են զոհվում, ապա մենք էլ չպետք է հարգենք դրանք: Հակառակը, անհրաժեշտ է ավելի խիստ լինել, ավելի լուրջ պայքար տանել համամարդկային արժեքների դեմ հանդես եկող ահաբեկչական խմբավորումների, մոտեցումների դեմ», — ասաց Մարուքյանը:
Նրա խոսքերով` այն, ինչ կատարվում է Սիրիայում, մի քանի օր առաջ` Լիբանանում, երեկ` Փարիզում, ուղղված է ողջ մարդկության դեմ:
«Մենք պետք է խստորեն դատապարտենք և ահաբեկչության դեմ պայքարենք բոլոր մակարդակներում` առանց մարդու իրավունքների և ազատության սահմանափակման: Մենք Ֆրանսիայի հետ ենք», — նշեց Մարուքյանը:
Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ տարածել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որում նա իր ցավակցությունն էր հայտնել Ֆրանսիայի ժողովրդին:
«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասված է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:
Դավիթ Գալստյան