ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Այս պահին Փարիզում խանութները, բանկերն ու առհասարակ բոլոր հաստատությունները փակ են: Ես աշխատում եմ «Բատակլան» համերգասրահի հարևանությամբ: Տնօրենս այսօր զանգահարեց ու ասաց, որ երկուշաբթի աշխատանքի չգնամ: Մարդիկ վախենում են տներից դուրս գալ»,- Sputnik լրատվական պորտալի թղթակցին հաղորդեց ազգությամբ հայ, ֆրանսաբնակ Լիլիթ Մկրտչյանը: Նրա ամուսինը՝ Ռենո Բրանշն, ահաբեկչության պահին մարզադաշտում ֆուտբոլ է դիտել: Պատմում է, որ սկզբում մարդիկ չեն հասկացել` դրսում ինչ է կատարվում, հետո սկսվել է խուճապը:
«Մենք հյուրընկալել ենք մի քանի մարդու, ովքեր տրանսպորտի բացակայության պատճառով ու նաև վախից դրդված ապաստանել են մեր տանը»,-պատմեց Ռենո Բրանշը:
«Խոսքեր չկան, սարսափելի վախեցած եմ: Միայն մի ցանկություն ունեմ՝ մեկնել այս երկրից»,-լացակումած պատմեց մեր ազգակից Հերվե Կեբաջյանը, ով ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ մեկ օրվա ընթացքում Փարիզի շուրջ 6 կետերում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձիք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ, իսկ ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալով՝ զոհվել է 158 մարդ: ՌԻԱ Նովոստի գործակալությունը հղում է արել հետաքննությանը մոտ աղբյուրներին ու հայտնել, որ չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Աղբյուրի փոխանցմամբ՝ 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:
«Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»»,- հեկեկալով պատմել է Փարիզում «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ականատեսներից մեկը ru.euronews.com-ին: Ականատեսի խոսքով՝ ահաբեկիչները անխնա կրակել են մարդկանց վրա:
Ria-ru-ն հայտնում է, որ այս ահաբեկչությունը Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույնն է: Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, փակվել են պետական սահմանները: Բազմաթիվ երկրների լիդերները ցավակցություն ու զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և առաջարկել իրենց օգնությունը:
Ամերիկյան NBC հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությւնները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը»: Իսկ ria-ru-ն, հղում անելով իտալական հեռաուստաալիքներից մեկին, տեղեկացնում է, որ «Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Փարիզի ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունը:
Ռուսաստանում ևս չի բացառվում անվտանգության միջոցառումների գործադրումը: Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը: Հիշեցնենք, որ վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել էր, որ «շատ շուտով Ռուսաստանում արյան օվկիանոսներ կհայտնվեն»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը հայտնել էր, որ այդ հայտարարությամբ կզաղվեն ՌԴ հատուկ ծառայությունները:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բելգիական իշխանությունները ևս որոշել են անվտանգության միջոցառումներ իրականացնել: Ստուգումներ են ընթանում Ֆրանսիայի հետ սահմանին և ուժեղացվում է մասսայական միջոցառումների անվտանգությունը:
Մեջբերելով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի սոցկայքի գրառումը՝ fr.sputniknews.com-ը հաղորդում է, որ նախագահը իսլամական տերությունների նախագահներին կոչ է արել ուժերը մեկտեղել և պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ:
«Սա միջազգային ահաբեկչություն է, որը սպառնում է ամբողջ աշխարհին և մարդկությանը: Պետք է արմատախիլ անել ահաբեկչությունները, հակառակ դեպքում ահաբեկչական խմբավորումներն առավել մեծ տարածում կունենան»,-կոչ է արել Ռամզան Կադիրովը:
fr.sputniknews.com-ը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
«Իմ երկիրը կանի ամեն հնարավորը` Ֆրանսիայի ժողովրդին օգնելու համար»,-ասել վարչապետը:
Sputnik լրատվական պորտալը կշարունակի հաղորդել առավել թարմ նորությունները դեպքի վերաբերյալ:
Գոհար Սարգսյան