ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկին տարածաշրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից բուժման նպատակով տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ, ուրբաթ հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Տուլայի մարզում` Մ4 մայրուղու վրա, խոշոր վթար էր տեղի ունեցել նոյեմբերի 3-ին։ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսում 60 մարդ կար, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ինը մարդ, տուժել 46–ը, որոնցից 32–ը հոսպիտալացվել է։
Հինգշաբթի` նոյեմբերի 12-ի դրությամբ Տուլայի շրջանի կլինիկական հիվանդանոցում շարունակում է մնալ ՃՏՊ–ից տուժած 5 մարդ, այդ թվում երկուսը` վերակենդանացման բաժանմունքում։
«Նրանցից մեկին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Սկլիֆասոֆսկու ինստիտուտ։ Մեզ մոտ մնում է 4 մարդ, որոնք դեռ շարունակում են բուժումը, նրանցից մեկը` վերակենդանացման բաժանմունքում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ճանապարհային կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով, նա ձերբակալված է։
Մուրադյանի խոսքով` չորեքշաբթի ինքը ստուգել է Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտում գտնվող հիվանդի առողջական վիճակը, իսկ մյուսների վիճակը քննարկել է իր ռուս գործընկեր Վերոնիկա Սկվորցովայի հետ։
«Մոսկվայում բուժում ստացող հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հինգշաբթի նա վիրահատվել է, վիրահատությունը լավ է անցել, շուտով ևս մեկ վիրահատություն է սպասվում։ Վթարից հետո ևս մեկ տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվում», – ասել է Մուրադյանը` նշելով, որ բժիշկների ջանքերի շնորհիվ տուժածները ոչ միայն բուժման կուրս, այլ նաև ամբողջական վերականգնման կուրս կանցնեն։
Ներկա պահին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է մնալ երկու տուժած, որոնց վիճակը գնահատվում է ծանր կայուն, 4-ը գտնվում են Տուլայում, ևս 2-ը` Մոսկվայում։