ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Պատանի երգիչ Միկան (Միքայել Վարոսյանը) նոյեմբերի 21–ին Բուլղարիայում անցկացվող «Մանկական եվրատեսիլ 2015» մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Նա խոստովանեց, որ երազում էր մասնակցել մրցույթին։
Հայ մասնակիցը նշեց, որ շատ լավատեսորեն է տրամադրված։
«Ես շատ դրական տպավորություններ ունեմ, որովհետև արդեն երրորդ տարին է` մասնակցում եմ ընտրական փուլերին, և այս տարի կատարվեց իմ երազանքը։ Եվ մենք կմեկնենք Սոֆիա շատ ուրախ և դրական տրամադրությամբ»,– հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միկան։
12–ամյա պատանին նշեց, որ երգել սկսել է երեք տարեկանից, հասցրել է երգ գրել իր ծնողների մասին։
Միկան լսել է այլ երկրների ներկայացուցիչների բոլոր երգերը։ Նա նշեց, որ արդեն ծանոթացել է Բուլղարիայից մասնակցի հետ, որի հետ անցած տարի մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին։
«Ինձ համար ամենակարևորը լավ ելույթ ունենալն է է, իսկ հետո արդեն կերևա, թե ինչ տեղ կզբաղեցնեմ»,– ասաց պատանի երգիչը։
Երգիչը խոստովանեց, որ շատ սիրում է համակարգչային խաղեր, ազատ ժամանակ համակարգչի դիմաց է անցկացնում։
12–ամյա արտիստը մամուլի ասուլիս էր եկել «Միկա» անունով տիկնիկի հետ, որը նրա անձնական թալիսմանն է` ուսուցչուհու նվերը։
Երգի պրեմիերան եղել է հոկտեմբերին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը: