ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են Ղարաբաղյան հակամարտության քննարկումն այլ հարթակներ տեղափոխելուն, երկուշաբթի Երևանում Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք` Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, կտրուկ դեմ ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորումը գործնական, հանդուրժողական երկխոսության փոխարեն փորձեն տեղափոխել այլ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ, համենայն դեպս, միջազգային հանրության անունից ոչ ոք նրանց նման հանձնարարություն չի տվել», – ասել է Լավրովը։
Նրա խոսքերով` համանախագահներն աշխատում են կողմերի պայմանավորվածությունների, ՄԱԿ ԱԽ պայմանավորվածությունների հիման վրա։
«Ցանկացած կտրուկ ռադիկալ գործողություն վնասում է գործին և համանախագահների աշխատանքին, ովքեր շատ ակտիվ, ոչ միշտ` հրապարակայնորեն, սակայն կապի մեջ են գտնվում կողմերի հետ», – ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը սատարում է Երևանի` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությանը, և համոզված է, որ անհրաժեշտ է հետագայում նույնպես շարունակել ջանքեր գործադրել աջակցելու կողմերին` մշակելու հակամարտության փոխադարձ ընդունելի, համաձայնեցված լուծումներ։
«Սա ՌԴ–ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, որը գտնվում է նախագահ Պուտինի հսկողության տակ։ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ եռյակի մասնակից, մի կառույց, որը հաստատվել է որպես հավաքական միջնորդ ՄԱԿ ԱԽ–ի կողմից, կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ` դրական արդյունքի հասնելու համար», – ընդգծել է Լավրովը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ ներկա բարդ իրավիճակում մեր երկրների համար կարևոր է համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը։
«Համոզված եմ, որ մեր երկրները տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդման հարցում կարող են ապավինել միմյանց աջակցությանը», – նշել է Լավրովը։
Էդվարդ Նալբանդյանն իր հերթին, մեկնաբանելով ԵԽԽՎ–ի սկանդալային զեկույցի ընդունումը, նշել է, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձևաչափեր։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության կոմիտեն նոյեմբերի 4-ին հավանություն տվեց Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած, մեծ աղմուկ բարձրացրած «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճ» վերնագրով վիճահարույց զեկույցի նախագծին։
«Միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատն է։ Մյուս կառույցները կամ կազմակերպությունները խաղաղ հակամարտության գործընթացին խոչընդոտող որևէ քայլ չպետք է ձեռնարկեն, հատկապես տարածաշրջանում լարված իրավիճակին նպաստող», – ասել է Նալբանդյանը։
Նրա խոսքերով` հակամարտության կողմերը պետք է աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման լուծումը։
1992թ.–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, քանի որ ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ։