ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է …» երաժշտական փառատոնը` Դենիս Մացուևի, Էնդրյու Թայսոնի և Դանիել Լոզակովիչի մասնակցությամբ, տեղի կունենա Մոսկվայի Երաժշտության տանը նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 24-ը, լրագրողներին հայտնել է ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Գեորգի Ագեևը:
«Մենք միշտ բծախնդրորեն ենք մոտենում արտիստների ընտրությանը փառատոնային ծրագրեր կազմելիս, մենք միշտ ունենք ականավոր վարպետներ և կատարողներ: Նրանք կան նաև այս փառատոնային ծրագրում, բայց Դենիս Մացուևի, Դմիտրի Կորչակի, այսինքն` համաշխարհային մակարդակի վարպետների կողքին հայտնվել են նաև երիտասարդ սերնդի վառ աստղեր, որոնց թվում են Ռեյ Չենը և Ալեքսանդր Ռաման»,- ասել է Ագեևը:
Նա նշել է, որ փառատոնին կմասնակցեն նաև բոլորովին երիտասարդ արտիստներ՝ 14-ամյա Դանիել Լոզակովիչը և 9-ամյա Շիո Օկուին:
Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, փառատոնի շրջանակում տեղի կունենա յոթ համերգ:
«Մենք փառատոնը կբացենք Բախի կրկնակի կոնցերտով Ալեքսեյ Լունդինի՝ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի կոնցերտմեյստերի հետ, և առաջին բաժնում կհնչի Շոստոկովիչի կամերային սիմֆոնիան»,- հավելել է Սպիվակովը:
Փառատոնի շրջանակում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտը և տեղի կունենա Յոհանես Բրամսի ստեղծագործությանը նվիրված երեկո: