ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երեքշաբթի գիշերը Տուլայի մոտակայքում ավտովթարից տուժած ուղևորները հետագա անհրաժեշտ բուժօգնություն կստանան Հայաստանում, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը ՌԴ Տուլայի տարածաշրջանում: Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսում գտնվում էր ավելի քան 60 մարդ, բոլորը` ՀՀ քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, տուժել 48-ը։
ՌԴ ԱԻՆ Իլ-76 օդանավը հինգշաբթի Երևան կհասցնի ՃՏՊ-ի տուժածներին և զոհվածների մարմինները:
Միրիջանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր տուժած իր ախտորոշման համաձայն համապատասխան հիվանդանոց կտեղափոխվի:
«Նրանց արդեն սպասում են Երևանում, Շտապօգնության ավտոմեքենաները պատրաստ սպասում են նրանց, իսկ հարազատները իրազեկված են, թե ինչ պետք է անել», — ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավը Երևան կհասցնի տուժածներին և հատուկ ձևավորված պատվիրակությանը, ինքնաթիռն օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 16:00-ին:
«Մենք այժմ գնում ենք Ռամենսկոյե քաղաք այնտեղից մեկնելու համար: Ուղևորների թվում են 11 հիվանդներ, նրանց հարազատներն ու Հայաստանի ներկայացուցիչները: Ընդ որում 12 հիվանդ շարունակում է մնալ Տուլայի շրջանի տարբեր բուժհաստատություններում», — ասաց Միրիջանյանը:
Տուժածներից մեկը, փոխնախարարի խոսքերով, ուրբաթ ինքնաթիռով հարազատների որոշմամբ կտեղափոխվի մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկը:
«Միաժամանակ 8 մարդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Ներկա պահին մասնագետները քննարկում են հնարավոր վիրաբուժական միջամտության հնարավորությունը, քանի որ անհրաժեշտության դեպքում, հիվանդներից մեկը կարող է վիրահատվել», — ասաց նա:
Միրիջանյանն ավելացրեց, որ մյուս տուժածների վիճակը կայուն է, ապաքինվելու միտում կա:
Փոխնախարարն ավելացրեց, որ պրոֆեսիոնալ աշխատանք են տարել նաև ռուս գործընկերները և հայկական համայնքը:
«Կարծում եմ, որ քաղաքացիները նույնպես կհաստատեն, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում այստեղ», — ասաց նա:
Միրիջանյանը ավելացրեց, որ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարգադրությամբ ինքը Ռուսաստանում կմնա մինչև շաբաթ օրը՝ տուժածներին հետագա պրոֆեսիոնալ բժշկական օգնություն ցուցաբերելու և իրավիճակին հետևելու համար: