ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսում Սինայի թերակղզու մոտ ռուսական օդանավի կործանման պատճառը շարժիչի պայթյունն է, այս մասին, հղում անելով միջադեպն ուսումնասիրող հանձնաժողովի դատական աղբյուրին, հայտնում է «Ալ Մասրի ալ Յաում» պարբերականը։
Թերթի զրուցակցի խոսքով` այդպիսի եզրակացություններ են արվել «սև արկղերի տվյալները վերծանելուց հետո»։ Ըստ նրա` պայթյունի պատճառը կբացահայտվի հետագա լաբորատոր քննության ընթացքում, ինչպես նաև դեպքի վայրից հավելյալ տեղեկություն ունենալուց հետո։
Աղբյուրը նաև նշել է, որ «ինքնագրերը չեն արձանագրել վթարից առաջ օդաչուների որևէ դիմում ցամաքային ծառայություններին»։
Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում գտնվում էր 217 ուղևոր և օդանավի անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։