ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի– Sputnik. ՌԴ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների հարազատներն իրենց անուշադրության մատնված չզգան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ողջ երկիրը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին, բայց առանձնակի երախտագիտության են արժանի, իհարկե, Պետերբուրգի բնակիչները։ Երևում էր, որ մարդիկ իսկապես ապրումակցում են այդ մեծ վշտին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ծանր իրավիճակում հայտնված մարդիկ իրենց միայնակ չզգան և անուշադրության չմատնվեն»,– երեքշաբթի տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։
«Ամեն ինչ կարվի, մենք ոչ ոքի չենք թողնի դժբախտության մեջ»,– պատասխանել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։ Հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել: