Եգիպտոսում, «Կոգալիմավիա» ռուսական ընկերության Airbus А321 ինքնաթիռի վթարի վայրում ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել։ Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես են փրկարարները զննում տարածքը
Աղետի զոհերի մարմինները գտնելու համար ռուս փրկարարները հետազոտում են տեղանքը։
«Աշխատանքները շարունակվում են։ ԱԻՆ–ի փրկարարներն աշխատում են ձորակում, որտեղ ինքնաթիռի խոշոր հատված է գտնվել»,– հաղորդել է Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ–փրկարարական ուժերի բաժնի տնօրեն Ալեքսանդր Ագաֆոնովը։
Նրա խոսքով` փրկարարներն աշխատում են բարդ պայմաններում. Շոգ, բարձրությունների տատանումներ, հսկայական տարածք։ «Օրինակ` ձորակում խորությունը 120 մետր է, փրկարարները այնտեղ իջնում են պարանով։ Բոլոր գտնված իրերը փաթեթավորվում են և տեղափոխվում ճամբար, որը գտնվում է 12 կմ հեռավորության վրա»,– պատմել է Ագաֆոնովը։
Վթարի վայրում աշխատում են նաև ֆրանսիացի մասնագետները, Եգիպտոսի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչներ։ Հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել: