ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Дети Пикассо» խմբի անդամները քույր և եղբայր Գայա և Կարեն Հարությունյաններն են: Կոլեկտիվը ձևավորվել է Մոսկվայում 90-ականների վերջին և սկզբնական շրջանում նվագում էր միանգամայն ավանդական հայրենական ռոք: Հետևաբար նրանց երգերը հայտնվեցին «Наше радио»-ի եթերում: Սակայն Գայան ու Կարենը չնիրհեցին դափնիների վրա և չստեղծեցին միատիպ ու ոչ խելացի երաժշտություն:
Գնալով խմբի երաժշտությունն ավելի բարդ ու հետաքրքիր էր դառնում: Նրանց երգացանկում հայտնվեցին հայկական մոտիվներով երգեր: Արտիստները հասունանում էին, իսկ նրանց արվեստն ավելի ու ավելի էր ձգտում դեպի նախնիների հայրենիք՝ Հայաստան: Այնուհետև 2008 թվականին խումբն ընդհանրապես անհետացավ ռուսական շոու բիզնեսի ասպարեզից: Երաժիշտները տեղափոխվեցին Հունգարիա: Եվ Ռուսաստանում չէին երևում հինգ տարի:
Եվ հիմա հանկարծակի հայտնվեցին և ներկայացրեցին իրենց նոր ու յուրահատուկ ալբոմը, որն անվանել են «Motherland» («Հայրենիք») և որը նվիրված է Հայաստանին:
ՆԿՏ ոչ մեծ` գրեթե կամերային դահլիճը լցվում է հանդիսատեսով: Ամեն ինչ խիստ է, ինչպես թատրոնում՝ երրորդ զանգից հետո մուտքն արգելվում է: Հանդիսատեսը չափազանց տարբեր է: Այստեղ և՛ երաժշտության գիտակներն են, և՛ մայրաքաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: Մոտավորապես 50/50 համամասնությամբ:
Հանդիսատեսը զբաղեցնում է տեղերը: Լույսը մարում է: Սկսվում է երաժշտությունը: Ահա և առաջին տարբերությունը սովորական ռոք համերգներից: Խլացնող, ականջ ծակող ակորդների փոխարեն՝ ցածր ժողովրդական երգ: Սա դեռ ձայնագրությունն է:
Բայց ահա ներս են մտնում երաժիշտները: Գայան ստեղնային գործիքի մոտ է, իսկ Կարենը՝ կիթառով: Հայտնվում է էլեկտրոնային տավիղ նվագող մի աղջիկ, նրա անունն է Անաստասիա Ռազվալյաևա: Հարվածային գործիքներն առջևում են: Նույնիսկ ավելի մոտ հանդիսատեսին, քան մեներգչուհին: Թմբկահարը Ահարոն Պորտելեկին, և նա շատ նման է երիտասարդ Թոմ Հենքսին:
Հայրենիք վերադարձած «Երեխաների…» երաժշտությունն իսկապես արտասովոր է, որևէ ձևաչափից դուրս է։ Հասուն է: Կարեն Հարությունյանի կիթառը դուդուկի ձայներ է արձակում: Իսկ Գայայի ձայնը երբեմն կախարդական է թվում: Մի կին, ինչպես նկատեց այս տողերի հեղինակը, սմս-հաղորդագրություն էր ուղարկում. «Ես համերգի եմ: Հայկական Ագուզարովան է երգում»:
Երեկոն լի էր անակնկալներով: Ինչ որ պահի հայկական մոտիվները վերածվեցին իսկական մոգության: «Թոմ Հենքսի» թմբուկները սկսեցին «մենամարտել» տավղի հետ: Գայան հանկարծակի սկսեց երգել հունգարերեն՝ հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի մասին: Կարենը մի կողմ դրեց կիթառը, երգեց, իսկ հետո ֆլեյտա նվագեց: Իսկ թմբկահարը ձեռքն առավ ջութակը:
Սակայն անակնկալները դեռ առջևում էին: Բեմ բարձրացավ թավջութակահար Վադիմ Կուզնեցովը: Հետո բեմում հայտնվեց «Տասնմեկից հետո» (թեև մեներգիչների տեսքից դատելով` նրանց կարելի էր «Քառասունից հետո» անվանել) խումբը: Եվ որպես եզրափակում` դահլիճի դռներից առվակի պես ներս «հոսեցին» (այլ բառ չեմ կարող գտնել) պարող աղջիկները: Ինչպես պարզվեց, «Հայաստանի ծաղիկներ» համույթի պարուհիներն էին:
Երկու ժամն անցավ գրեթե աննկատ: Դահլիճում կախարդական և թախծոտ հայրենաբաղձության մթնոլորտ էր տիրում: Իսկ «Дети Пикассо» խմբին կցանկանայի մաղթել ավելի հաճախ վերադառնալ: Որովհետև շատ զարմանահրաշ համերգ էր ստացվել: