ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տուլայի մոտ ավտոբուսի վթարի երկու վարկած է դիտարկում օպերատիվ խումբը` վարորդը քնել է ղեկին կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է, հայտնում է Արմենպրեսը:
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում:
Նախնական տվյալներով` Մոսկվա-Երևան վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Կինգ Դելյուքս» ՍՊԸ–ին։
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում:
Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ, ՃԵԱՊՏ և շտապօգնության աշխատակիցները։