ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում հպարտ կեցվածքով կանգնած «Զվարթնոց» օդանավակայանը հավասարապես հիացնում է տեղացիներին ու օտարներին, քանի որ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այդ դեպքում ինչու՞ են հայերը նախընտրում ճամփորդել հարևան Վրաստանի օդանավակայաններից: Այս հարցը շատ պարզ պատասխան ունի՝ ավիատոմսերն են էժան: Ինչու՞ և ինչպե՞ս:
Տեղափոխվենք 2013 թվական, երբ կառավարությունը «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարեց, և Հայաստանի օդային տարածքն ազատականացվեց: Իսկ դա նշանակում է, որ տեղական ու արտասահմանյան ավիափոխադրողների միջև ստեղծվեց մրցակցային դաշտ, որի արդյունքում ավիատոմսերի գները պետք է նվազեին: Սակայն այդպես չեղավ: Տեղական միակ ավիաընկերությունը՝ «Էյր Արմենիան», որը մտել էր ազատականացված շուկա, կարճ ժամանակում մեծ պարտքեր կուտակեց և դադարեցրեց չվերթերը: Համագործակցությունից հրաժարվեցին նաև մի շարք եվրոպական ավիափոխադրողներ:
«Այս պահին փոփոխվել են ավիափոխադրող ընկերությունների հավաստագրման չափանիշները՝ համապատասխանեցվելով եվրոպականին: «Չեխական ավիաուղիներն» ու լեհական «Լոտը» վերսկսեցին հայաստանյան չվերթերը: Այս պահին հայտեր են ներկայացրել հայկական մի շարք ընկերություններ, որոնց ֆինանսական կայունությունը դեռ պետք է գնահատի տեղական ու արտասահմանյան մասնագետներով համալրված խորհուրդը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:
Քանի դեռ հայկական ներքին ավիացիոն դաշտում առողջ մրցակցություն չկա, տուրիստական գործակալությունները շարունակում են շահառուներին ուղղորդել մատչելի ճանապարհով, այն է՝ Վրաստանով:
«Այս օրերին Երևանից Հունաստանի նավահանգստային քաղաք՝ Սալոնիկ մեկնելու համար անհրաժեշտ է 300 եվրո, իսկ Թբիլիսիից նույն ուղղությամբ՝ 190 եվրո»,-ասում է ավիատոմսերի մենեջեր Վարսենիկ Տերտերյանը:
Ավիատոմսի գինը գոյանում է նաև մեր երկրի սահմանած պետտուրքով, այլ կերպ ասած՝ «օդի փողով» և վառելիքի ծախսերով:
Գաղտնիք չէ, որ զարգացած ավիացիան ուղիղ համեմատական է ազգային անվտանգությանը: Պատերազմական իրավիճակներում միջազգային ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները: Միայն ազգային փոխադրողներն են, որ համարձակություն են ունենում վտանգել ինքնաթիռներն ու օդաչուների կյանքը: Ասվածի վառ օրինակ է սիրիական պատերազմը:
Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը հիշում է, թե Արցախյան ազատամարտի տարիներին ինչ դեր խաղաց մեր քաղավիացիան.
«Օրը մի քանի անգամ հայ օդաչուները Երևանից Ստեփանակերտ էին տանում զենք-զինամթերք, վառելանյութ ու այնտեղից վիրավորներ տեղափոխում»:
Քաղավիացիայի ոլորտի մասնագետը կարծում է, որ պետությունը պետք է հայկական ավիաընկերություններին լուրջ արտոնություններ ընձեռի:
«Ոչ ոք չի խոսում մի կարևոր հանգամանքի մասին. եթե հայկական ավիափոխադրողներ շատ լինեն, ֆինանսական մեծ ներհոսքեր կլինեն դեպի մեր բյուջե, իսկ հիմա ստացվում է, որ գումարները միայն դուրս են մղվում: Բոլոր ուղղություններով այս պահին մոնոպոլիա է, դրա համար էլ ավիատոմսերի գները թանկ են: Հակակշիռ է պետք»,- իր խոսքը եզրափակեց Դմիտրի Ադբաշյանը:
Քանի դեռ հայ մասնագետներն ու փորձագետները քննարկում են «բաց երկնքի» քաղաքականությունը, մեկ կամ մի քանի ավիափոխադրողների գործունեության առավելություններն ու վտանգները, դրանցից բխող ազգային անվտանգության հարցը, այդ նույն ժամանակ հայ զբոսաշրջիկն արտասահման մեկնելու համար համացանցում փնտրում–գտնում է Վրաստանի օդանավակայանից իր ուզած երկիրը մեկնող ինքնաթիռի տոմսի գինը ու երազում, որ մոտ ապագայում նմանատիպ գներ կգործեն նաև Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում հպարտ կեցվածքով կանգնած «Զվարթնոց» օդանավակայանում։
Գոհար Սարգսյան