ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ հայ մարմնամարզիկը կանգնեց աշխարհի առաջնության պատվո պատվանդանին` 31-ամյա Հարություն Մերդինյանն արժանացավ բրոնզե մեդալի, հաղորդում է footsport.am կայքը։
Մերդինյանը նաև ձեռք բերեց Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր։
«Շարունակելով Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի և մեր մյուս անվանի մարմնամարզիկների բարի ավանդույթը՝ նժույգթափերի մեր նորօրյա վարպետը եզրափակչում վաստակեց 15, 500 միավոր և արժանացավ բրոնզե մեդալի»,- ասված է կայքում:
Նույնքան միավոր վաստակեց ճապոնացի բազմամարտիկ Կազումա Կայան և նույնպես արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ոսկե և արծաթե մեդալները բաժին հասան Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Վիթլոքին ու Լուիս Սմիթին՝ համապատասխանաբար 16,133 և 16,033 միավորներով:
Մինչ այդ կանանց և տղամարդկանց բազմամարտում օլիմպիական խաղերի ուղեգիր էին ձեռք բերել Հուրի Գեբեշյանն ու Արթուր Դավթյանը: Աշխարհի առաջնության մեդալներին շատ մոտ էր նաև օղակների վարպետ Վահագն Դավթյանը: Նա, սակայն, եզրափակչում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ և բավարարվեց 7-րդ տեղով։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, մարզիչները` Սոս Սարգսյանը և Լևոն Կարախանյանը։