Սիրիայում իրավիճակը, չնայած Ռուսաստանի մասնակցությանը, շարունակում է բարդ մնալ։ Ռուսական ավիացիան ոչնչացնում է ԻՊ օբյեկտները, սակայն սիրիական բանակը ցամաքային գործողություններում զգալի հաջողություններ չունի։ Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման հնարավոր հեռանկարների մասին Sputnik-ը զրուցել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։
«Այն ուժերի դեպքում, որոնք հիմա գործարկված են Ռուսաստանի կողմից, ռմբակոծությունները կարող են հավերժ շարունակվել, մինչև Ասադի բանակն ուժասպառ կլինի և կդադարի կռվել։ Իրական արդյունքների հասնելու համար պետք է մի քանի անգամ ավելացնել ավիացիոն խմբավորումը»,– կարծում է Խրամչիխինը։
Փորձագետը նախազգուշացրել է, որ պատերազմը հանուն պատերազմի, առանց հաղթանակի ուղղվածության, կարող է հանգեցնել պարտության։ Խրամչիխինի կարծիքով` հաղթանակ կարող է լինել միայն Սիրիայի տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումը կառավարական զորքերի կողմից։ Բացառություն կարող են լինել քրդական շրջանները։
«Քրդերի հետ Ասադը պետք է պայմանավորվի։ Ասադի կոալիցիան քրդերի հետ տվյալ պահին միակ հնարավոր կոալիցիան է։ Այդ միությունը կարող է կայանալ, եթե քրդերին պատերազմից հետո տրամադրվի առավելագույն ինքնավարություն։ Ոչ մի այլ կոալիցիա, այդ թվում սիրիական ընդդիմության ներսում, չի կարող լինել»,– ասել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով` պետք չէ անհանգստանալ, որ Սիրիայում ամերիկյան զինվորականներ կհայտնվեն, ինչի մասին օրերս խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Չեմ կարծում, որ Սիրիայում կհայտնվեն ամերիկյան զինվորականներ։ Այսինքն` ես նույնիսկ չեմ կասկածում, որ նրանք կհայտնվեն այնտեղ։ Քանի դեռ Օբաման նախագահ է, ոչ մի զինվորական ոտք չի դնի Սիրիա։ Օբաման ամերիկյան հասկացություններով պացիֆիստ է։ Նա դա ցուցադրում է իր նախագահության բոլոր տարիներին, ինչ էլ որ ասեն այդ առիթով։ Իսկ երբ գա հաջորդ նախագահը, այդ ժամանակ մենք դա կգիտակցենք»,– ասել է Խրամչիխինը։