ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի բնակիչները դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի ժամանակ «կողմ» կամ «դեմ» կքվեարկեն սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի։ Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների և հակառակորդների քարոզարշավն օրեցօր ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այս կապակցությամբ քվեարկություն են անցկացրել ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին (104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ»)։
Իշխանությունը վստահ է
Երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունման հարցում Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավը գլխավորում է նախընտրական քարոզարշավների փորձ ունեցող վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Իշխանությունը պնդում է, որ հանրաքվեն կարևոր քայլ կդառնա երկրի, մարդու իրավունքների պաշտպանության դեմոկրատացման ճանապարհին։ Իշխանության խոսքով` խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելը կարելի է որպես դրական քայլ դիտարկել, քանի որ կայուն ժողովրդավարություն ունեցող երկրներն ընտրում են կառավարման հենց այդ համակարգը։
Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, իշխանությունները շարունակում են զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և դատական համակարգի անկախությունը։
«Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թեւերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը», – հայտարարել է Սարգսյանը։
Իշխանության ներկայացուցիչները չեն կասկածում, որ հանրաքվեն դրական ելք կունենա, ինչի վկայությունն է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի` վերջերս արված հայտարարությունը։
«Ես վստահ եմ, որ հանրաքվեն դրական ելք է արձանագրելու, քանի որ արդեն սկսված «ոչ»-ի քարոզարշավում նախագծի բովանդակային մասով որեւէ իրական քննադատություն նկատելի չէ»,-նշել է Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուկիկիոյի հետ հանդիպման ժամանակ։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն մեկ անգամ եւս փաստել է, որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին:
«Համոզված եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի եւ առաջարկվող նախագծին կողմ կքվեարկի», – ասել է Բուկիկիոն։
Բացի իշխող ՀՀԿ–ից, սահմանադրական բարեփոխումների կողմնակից են նաև ՀՅԴ–ն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդ որում` կուսակցությունները առանձին քարոզարշավներ են իրականացնում։
Բարեփոխումների հակառակորդները պատրաստ են արմատական միջոցների
Դեռևս սեպտեմբերին սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ հանդես եկող մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական շարժումներ ստեղծեցին համաժողովրդական «Ոչ» ճակատը, որի առջև խնդիր էր դրված «կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու իշխող ռեժիմի վերարտադրումը»։
Ճակատի ընդունած հռչակագրում նշվում էր, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը։
Հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, «Հայազնը», Հիմնադիր խորհրդարանը, «Արմատ» ՀԿ-ն, ՀՀ Քաղաքագետների միությունը, «Մարտի 1» ՀԿ-ն, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:
Ընդդիմադիր ՀԱԿ–ն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունն էլ ձևավորել են «Չեք անցկացնի» երիտասարդական շարժումն ու համատեղ շտաբ ստեղծել քարոզարշավ իրականացնելու համար։
«Ոչ» ճակատի մյուս մասնակիցների մասնակցությամբ հոկտեմբերի 12-ին ձևավորվել էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի կազմում ընդգրկվել են «Հիմնադիր խորհրդարանը», «Ժառանգությունը», Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Երևանում հոկտեմբերի 21-ին ներկայացվել է Ճակատի գործողությունների ծրագիրը։
Նշված նախաձեռնությունների անդամները սահմանադրական բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ցույցեր, երթեր, ակցիաներ են անցկացնում (որոնք երբեմն ավարտվում են ոստիկանության հետ բախումներով), սակայն ներկա փուլում դրանք մարդաշատ համարել չի կարելի։ «Ոչ» շարժման հերթական ցույցն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին։
Հանրաքվեի արդյունքները կասկած չեն հարուցում
Քչերն են կասկածում, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողների համար հանրաքվեն դրական արդյունք չի ունենա։ Իշխանության վստահ հայտարարությունները վկայում են, որ նրանք հստակ մտադիր են իրականություն դարձնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Դա է փաստում նաև այն, որ քարոզարշավի անցկացման ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետը։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով` այդ պատասխանատու գործը վստահել են Հովիկ Աբրահամյանին, քանի որ հանրապետականների համար նոր սահմանադրության ընդունումը շատ կարևոր է, և նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի այն ընդունվի։ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` իշխող կուսակցությունը նախկինի պես օգտագործելու է վարչական ռեսուրսը, իսկ Հովիկ Աբրահամյանը այդ բնագավառում ամենափորձառու և հարմար թեկնածուն է։
Մի կողմից` ընդդիմադիրները հասկանում են, որ հանրաքվեում «հաղթելու» հնարավորություն գրեթե չունեն։ Մյուս կողմից` ընդդիմադիրների առավել արմատական հատվածը բարեփոխումների նախագիծն օգտագործում է` փորձելով ժողովրդին ոտքի հանելու միջոցով հասնել իշխանության հրաժարականին։
Անգամ ընդդիմության` սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ պայքարի ծրագիրն ուղղված է, առաջին հերթին, ոչ թե «դեմ» քվեարկելու կոչին (այդպիսի տարր, իհարկե, կա), այլ ժողովրդին փողոց հանելուն։ Շարժումների անդամները կոչ են անում դեմ հանդես գալ իշխանություններին, որը բոլոր չարիքների մեղավորն է և սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը։ Հանրաքվեի անցկացումը այստեղ դիտարկվում է որպես իշխանության դեմ պայքարի լրացուցիչ խթան։
Ընդ որում` ակնհայտ է, որ (բարեփոխումներին դեմ) ընդդիմության առջև բարդ խնդիր է դրված։ Չնայած, որ լուրջ ընդդիմության բացակայությունը որոշակի առումով բարեբեր հող է ստեղծում տարբեր նախաձեռնությունների, շարժումների համար, այնուամենայնիվ, նրանք հիմնականում սահմանափակվում են ոչ քաղաքական բնույթի պահանջներով։
Ինչպես հայտարարել էր ակտիվ ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանը, հիմնական խնդիրը նրանց համար այն է, որ ժողովուրդը դժվարությամբ է փողոց դուրս գալիս իշխանության հրաժարականի պահանջով և պատրաստ չէ երկարատև պայքարի։
Այսպիսով, կողմերի քարոզարշավն ավելի ու ավելի է հեռանում հանրաքվեի բուն իմաստից, առաջարկված կետերի քննարկումից, իշխանության քննադատումից և նրա փոփոխման անհրաժեշտությունից։ Ընդդիմությունը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի ժողովրդին ոտքի հանի, սակայն դեռ հարցական է`կկարողանա՞ համախմբել ժողովրդին լուրջ գործողություններ իրականացնելու համար, թե ոչ։
Հայաստանը` սահմանադրական բարեփոխումների ճանապարհին
© PolitrussiaВыборы
Բաժանորդագրվել
Դեռևս սեպտեմբերին սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ հանդես եկող մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական շարժումներ ստեղծեցին համաժողովրդական «Ոչ» ճակատը, որի առջև խնդիր էր դրված «կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու իշխող ռեժիմի վերարտադրումը»