«Ջազի սրբազան հրեշ», անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կրկին Հայաստանում է: Այսօր երեկոյան նա ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Հայաստանցի հանդիսատեսի համար Գալիոն բազմաթիվ անգամներ է ելույթ ունեցել, երեկ երկոյան նա կրկին ելույթ ունեցավ Mezzo ակումբում:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Sputnik Արմենիա պորտալին պատմեց, թե ինչպես է աշխատում համաշխարհային աստղի հետ և համերգի հետ կապված որոշ գաղտնիքներ բացահայտեց:
— Ռիշար Գալիանոյին վաղուց գիտեմ, նրա հետ ելույթ եմ ունեցել Ֆրանսիայում և այլ երկրներում, և նա արդեն որերորդ անգամ է ժամանում Հայաստան, որպեսզի նվագի մեր նվագախմբի հետ:
Ամեն տարի մենք փորձում ենք նոր ծրագիր մտածել: Նա ակորդեոնով այնպիսի ստեղծագործություններ է նվագում, որոնք գրված չեն այդ գործիքի համար:
Համերգի ընթացքում նվագախմբի և Գալիանոյի կատարմամբ հանդիսատեսը կունկնդրի Բախի կրկնակի կոնցերտը: Նա նույնն արել է Վիվալդիի, Մոցարտի և ուրիշների ստեղծագործությունների հետ:
Եվ ահա մենք այնպիսի ծրագիր ենք մտածել, որի ժամանակ կհնչի միաժամանակ թե՛ դասական երաժշտություն, թե՛ Պիացոլայի երաժշտությունը: Այդ ամենը կմիախառնվի, և շատ հետաքրքիր համերգ կստացվի: Դասական երաժշտությանը ծանոթ հանդիսատեսը պետք է լսի նաև այդ տարբերակը:
Կան մարդիկ, որոնք պնդում են, որ Բախի կամ այլ դասականների ստեղծագործությունները չի կարելի մշակել, բայց Բախը ժամանակին մշակել է այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները և շատ հաճախ է դա արել: Եթե նա այդպես է վարվել, ապա գիտակցել է, որ մի օր կմշակեն նաև իր երաժշտությունը: Նա դեմ չէր լինի:
-Ո՞րն է այն սիրելի ստեղծագործությունը, որը կատարում եք Գալիանոյի հետ:
— Գիտեք՝ ամենասիրելին այն աշխատանքն է, որը մենք կատարում ենք հենց այդ րոպեին, որովհետև նրա հետ աշխատելը հաճույք է պատճառում: Նա մեծ երաժիշտ է, ակորդեոնահար, նա ոգեշնչում է իր կողքին գտնվող մարդկանց:
Երբ վաղ առավոտյան գալիս եմ փորձի, առաջին նոտայից հետո մոռանում եմ հոգնածության ու հոգսերի մասին, որովհետև Գալիանոն ինքը երաժշտությունն է:
-Իսկ հե՞շտ է աշխատել Գալիանոյի հետ: Նա կամակոր չէ՞:
— Նա կամակոր չէ: Թեև Գալիանոն շատ զբաղված մարդ է, այնուհանդերձ նրա հետ շատ հեշտ է աշխատել: Մինչ Հայաստան գալը նա եղել է Գերմանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում: Հայաստանից հետո նա կմեկնի ուրիշ երկիր:
Գալիանոյի գլուխն աշխատում է բացառապես երաժշտության ուղղությամբ: Այսինքն պետք է իմանալ, որ նման մարդու հետ պետք է խոսել միայն երաժշտության մասին: Ես նրա հետ չեմ քննարկի այն, ինչ նրան դուր չի գալիս: Դրանից կամակոր չի դառնա ոչ միայն հայտնի մարդը, այլ նաև սովորական մահկանացուն:
-Այսօր Գալիանոյի հետ պատրաստվում եք հերթական անգամ «հիպնոսի» ենթարկել հանդիսատեսին: Իմպրովիզներ կլինե՞ն:
— Մենք փորձում ենք զարմացնել երաժշտությամբ: Մենք ամեն անգամ նոր ծրագիր ունենք: Մեկ կամ երկու ստեղծագործություն կան, որոնք կնվագենք կրկնականչին, բայց հիմնականում ողջ ծրագիրը նոր է: Իմպրովիզներ կլինեն նաև Գալիանոյի կողմից, քանի որ նա մեծ իմպրովիզատոր է: Նա ունի դրա իրավունքը և ազատությունը, հատկապես եթե խոսքը նրա սեփական ստեղծագործությունների մասին է:
Միշտ լինում են նոր իմպրովիզներ, որոնք ստեղծագործությունն ավելի հետաքրքիր են դարձնում:
-Ձեր նվագախումբը դասական խումբ է՝ կազմված ակադեմիական կրթություն ստացած երաժիշտներից: Ինչպե՞ս է նվագախումբը տանգո նվագելու:
— Շատ պարզ: Եկեք համերգին և կլսեք: Մեր նվագախումբը շատ ունիվերսալ է, այն միաժամանակ նվագում է դասական, բարոկկո, ժամանակակից երաժշտություն և նույնիսկ տանգո ու ջազ:
— Կոնկրետ այս համերգին երկա՞ր եք պատրաստվել:
— Թեև նվագախումբը պրոֆեսիոնալ է, բայց մենք այս համերգին երկար ենք պատրաստվել, որպեսզի կարողանանք նորմալ աշխատել միասին: Երբ մի կողմից նվագախումբն է, մյուս կողմից՝ Գալիանոն, ապա չպետք է խնդիրներ լինեն ոչ մի կողմից: Մենք հասցրել ենք այնպես աշխատել, որ նվագախմբի ներսում խնդիրներ չծագեն: Ամեն ինչ արել ենք, որ միասին նվագենք և ներդաշնակ երաժշտություն հնչի:
Գալիանոն ինքը երաժշտությունն է
17:17 25.10.2015 (Թարմացված է: 17:57 25.10.2015)
© Sputnik / Asatur YesayantsГлавный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян. Фестиваль классической музыки "Возвращение"
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
«Ջազի սրբազան հրեշ», անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կրկին Հայաստանում է: Այսօր երեկոյան նա ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ