ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Գյումրեցի վաստակաշատ քանդակագործ Զավեն Կոշտոյանի տուն ուղեկցելու առաջարկս արվեստաբան Արաքս Մարգարյանը չի մերժում: Մոտ տասը րոպե պտտվում ենք նեղլիկ նրբանցքներում: Ուղեկիցս ծիծաղելով արդարանում է. «Մի քանի անգամ եկել եմ, բայց էլի դժվար եմ գտնում»: Ի վերջո փողոցում հանդիպած բնակիչներին հարցուփորձ անելով՝ հայտնվում ենք քանդակագործի տան դիմաց:
Դուռը բացում է տանտերն ու լայն ժպիտում. «Համեցեք, էս ինչ լավ բան եք էրել, օր էկել եք»: Ասում ենք, որ մի քիչ պտտվել ենք տների արանքում, դրա համար ենք ուշացել:
«Մեր տունը հեղափոխականի տուն է. դժվար կգտնվի»,- ծիծաղում է՝ մեզ առաջ թողնելով դեպի տուն տանող բակի նեղ անցուղի:
Վարպետի երկարամյա կյանքի ուղեկիցը՝ տիկին Ալլան, ով նույնպես արվեստագետ է, շտապում է միրգ ու սուրճ դնել սեղանին: Փոքրիկ հյուրասենյակի անկյունում ծաղկամանների մեջ դրված վարդերը դեռ բուրում են թարմությամբ: Հոկտեմբերի 8-ին գյումրեցի ճանաչված քանդակագործ Զավեն Կոշտոյանը դարձավ 75 տարեկան: Հարցնում եմ՝ ոնց է վերաբերվում անձնագրային տարիքին, ասում է.
«Լավ, ուրախ եմ, կարող էի, չէ՞, մինչև էս տարիքը չապրել»:
Ծնվել է Էրզրումից Գյումրի տեղափոխված ոսկերչի ընտանիքում: 5 եղբայր, 3 քույր են եղել, սակայն այսօր ոչ մեկը կողքին չէ: Մասնագիտության ընտրության հարցում երկար չի մտածել: Ասում է, որ ոսկերիչ հոր արհեստի հետ սերտ շփումը գեղեցիկը շատ ավելի կոպիտ նյութի վրա տեղափոխելու ցանկություն է ծնել իր մեջ:
«Հերս Ալեքսանդրովսկու վրա արհեստանոց ուներ, էնտեղ գործիքները կդասավորեի, մի օր վարպետներից մեկը թե՝ «այս տղան ճարտարապետ պիտի ըլլա», չիդեր, օր ես ըդոնցով քանդակ կենեի,- վարպետը ձեռքը մեկնում է ծխախոտին,- խաղալիք չունեինք, ես կսարքեի փայտից, երկաթից… դե երևի հենց էդտեղից էլ սկսվեց ամեն ինչ»:
Մասնագիտական կրթության առաջին դարբնոցը Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցն էր, հետո` Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, այնուհետև բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտեց: 1969թ.-ին վերադարձավ Գյումրի, սկսեց դասավանդել թիվ 10 ուսումնարանում և հանդիպեց կյանքի ընկերոջը՝ նկարչուհի Ալլա Բերդիկյանին:
«Մինչև սորված չէղնեիր, քեզի աղջիկ չէին տա: Ալլայի հետ ուսումնարանում ենք ծանոթացել, երկուսս էլ դաս կուտայինք, ինքը՝ քանդակի, ես՝ կոմպոզիցիայի: Ինչ է թե մի տարի ուսումնարանը թողեցի, ժամերս տվել էին Ալլային»,- Զավեն Կոշտոյանը ծիծաղում է՝ աչքի ծայրով հետևելով միրգ կտրատող տիկնոջը:
Քչախոս է գյումրեցի քանդակագործը, ինչպես արվեստագետների մեծ մասը: Օգնության է հասնում արվեստաբան ուղեկիցս:
«Կոշտոյանի քանդակները, որպես կանոն, չափերով մեծ չեն, սակայն մոնումենտալ են, ընդհանրական, ինչը թույլ է տալիս դրանք բնութագրել իբրև «մեծը՝ փոքրի մեջ»: Ինչ նյութով ուզում է աշխատի, լինի մարմար, բրոնզ թե տուֆ, կարողանում է պահպանել իրեն բնորոշ պլաստիկան ու արտահայտչականությունը: Մեր վարպետի մանրակերտ քանդակներում կարելի է որոշակի բնավորություն ու խառնվածք գտնել: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով մենք քաղաքում պիտի Զավեն Կոշտոյանի գործերի տուն-թանգարան ունենանք »:
Տուն-թանգարան արտահայտությունը լսելով՝ քանդակագործի դեմքին քմծիծաղ է հայտնվում:
«Հա, բայց ես հլը կամ, ապրում եմ, ո՞վ պիտի իմ անունով թանգարան բացի, դրանք սաղ հետմահու արվող բաներ են: Պետք չի, ես ուզում եմ գործերիս մեծ ցուցահանդես կազմակերպել, կարո՞ղ են, թող էդտեղ ինձ օգնեն»
Զրուցակիցս մի փոքր դժվարությամբ պոկվում է բազկաթոռից՝ մեզ առաջարկելով գնալ տան ամենապատվավոր հատվածը, որտեղ իր բրոնզաձույլ գործերն են:
Ցանկացած արվեստագետ նախընտրած թեմա ունի: Զավեն Կոշտոյանը սիրում է 20-րդ դարասկզբի գյումրեցի արհեստավորին քանդակել: Ասում է, որ քաղաքային իշխանություններին առաջարկ ունի՝ Գյումրիում արհեստավորի արձան տեղադրել՝ հավաքական կերպար, որպես խորհրդանիշ:
«Կուզեն թող կոչեն Անտիկենց Թաթոս, ես ուզում եմ պարզապես այդ կերպարը, որի մեջ խտացված կլինի Ալեքպոլի արհեստավորական դասը, ներկայացված լինի Գյումրիում»:
Կոշտոյանն այն քանդակագործներից է, որոնք հիմնականում աշխատում են պատվերով, ասում է՝ իմ գործերը չեն գնում, «պուպուշ» չեն: ««Շատակեր Շարան» ուզում էին գնել, որ նվեր տային կարծեմ Էջմիածնի եկեղեցու թանգարանին, եկան-տեսան, սկզբում չհավանեցին, համ էլ էժան գին էին տալիս՝ չտվեցի,- Կոշտոյանի դեմքի ինքնաբավ արտահայտությունից հասկանում եմ, որ ամենևին էլ չի տխրել դրա համար,- ինձնից ընդամենը երկու գործ է վաճառվել ցուցահանդեսների ժամանակ, մնացած դեպքերում պատվիրել են, քանդակել եմ»:
Վարպետը մի պահ հիշողությունների գիրկն է ընկնում: Պատմում է, որ սկզբնական շրջանում առավել հակված է եղել փայտից գործեր ստեղծելուն, հետո սկսել է քարի հետ աշխատել՝ տուֆ, մարմար, գրանիտ, բազալտ: Աշխատանքների զգալի մասը մարմարից ու բազալտից են: Հարցնում եմ՝ ո՞րն է ամենասիրած ստեղծագործությունը, ստանում եմ լակոնիկ պատասխան՝ նոր պիտի ստեղծեմ:
«Դու որ քանդակում, պրծնում ես, գործդ տանում են՝ վերջ, դու էլ տերը չես, էն էլ քոնը չէ: Իմ գործերը դրված են Գյումրիում, ես որ տեսնում եմ, գիտեմ, թե իմն է, բայց չէ՝ քաղաքինն է, քաղաքն էլ ցավոք միշտ չէ, որ տեր է լինում իր ունեցածին»:
Վարպետի ձայնում ափսոսանքի նոտաներ են հնչում:
«Թիվ 1 երաժշտականի բակում տեղադրված քանդակս տարիներ շարունակ անմխիթար վիճակում էր: Էդ տարածքում սկզբում դոմիկներ էին, հետո դպրոցը տեղափոխվեց, տարածքը ծախեցին: Տարիներ շարունակ աղբանոցի էր վերածված, իմ գործն էլ ոչ տեղափոխում էին, ոչ՝ որևէ ձևով տեր կանգնում: Հիմա որ շինարարություն են անում, հույս կա, որ արձանի ճակատագրին էլ նորմալ լուծում կտան»:
Արվեստաբան ուղեկիցս, որ մինչ այդ լուռ լսում է զրույցը, նորից որոշում է միջամտել:
«Կոշտոյան քանդակագործին քիչ են մեծարում, իսկ նա մի ամբողջ դպրոցի հիմնադիր կարող է լինել,- պարզաբանում է Արաքս Մարգարյանը,- թող տեղական իշխանությունները մի տեղ առանձնացնեն, որտեղ կներկայացվի վարպետի բոլոր գործերը: Զավեն Կոշտոյանը, կարելի է ասել, Անանիկյանի, Մկրտիչ Արմենի գիծը շարունակողն է, նա ներկայացնում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Գյումրին: Սա մշակութային որոշակի շերտ է, որ միայն Կոշտոյան Զավենն է ցույց տվել: Եթե մեկ այլ քաղաք վարպետի նման ստեղծագործող ունենար, վստահ եմ, որ շատ ավելի մեծ ուշադրության կարժանանցներ: Մինչև օրս վարպետն իր գործերի կատալոգը չունի»:
Իր հասցեին հնչած գովասանքից շառագունած քանդակագործը բազկաթոռի մեջ սկսում է անհանգիստ շուռումուռ գալ:
«Դե լավ, Արաքսյա ջան, նորմալ է, մեծարում են էլի: Նախկին քաղաքապետը «Վարպետի» ոսկե շքանշան տվեց, վա՞տ էր, մի գրամ էր, բայց կարևորը, որ մեծն Ավետիք Իսահակյանի գլուխն է պատկերված վրան (Կոշտոյանը ծիծաղում է): Վաստակավոր նկարչի կոչում ունեմ, էս տարի սեպտեմբերի 5-ին տվեցին, լավ չի՞»:
«Մերկ կին քանդակե՞լ եք, վարպետ»,-հարցս սադրիչ է:
«Չէ, ուրդի՞ց (դեմքի զարմանքը շատ բնական է), համ էլ Լեննագանի մեջ ի՞նչ մերկ քանդակ: Ինստիտուտում շատ եմ քանդակել, ըստեղ մի երկու անգամ էտյուդ եմ արել, բայց որ ասենք քանդակես որևէ տեղ տեղադրելու համար՝ չունեմ: Գյումրեցոնք, ճիշտ է, արվեստասեր ժողովուրդ են, բայց մերկ կնոջ քանդակ դնել քաղաքում, վախենամ հեչ լավ չընդունվի, ու իրականում որևէ մեկը չի էլ փորձել»:
Կոշտոյանի աչքերում խորամանկ ժպիտ է ծվարում: Առաջարկում է գնալ բակում գտնվող արվեստանոցը, որն այնքան էլ մեծ չէ: Ցույց է տալիս գործերի մի շարք.
««Կապրիզներ» եմ դրել անունը, առաջնահերթ ուզում եմ սրանք ավարտել»:
Հետո մատնացույց է անում պահարանի վրա դրված բրոնզաձույլ մի գործ.
«Իսահակյանի «Լիլիթն» է, սա էլ ավելի մեծ մասշտաբով անելու ցանկություն ունեմ»:
Հարցնում եմ, թե ստեղծագործելիս հեշտությա՞մբ է ավարտուն տեսքի բերում քանդակը, թե Ռոդենի նման շատ դեպքերում թողնում է անավարտ:
«Ես Ռոդենի ծոռն եմ, գիտեի՞ր, չիդեի՞ր, հմի պատմեմ: Քանդակի այբ-բենն ինձ սովորեցրած ուսուցչուհիս՝ Թերեզա Միրզոյանը, քանդակագործ Նիկոլաձեի աշակերտն է, իսկ Նիկոլաձեն էլ սովորել է Ռոդենի մոտ, ուրեմն ես էլ Ռոդենի ծոռն եմ (ծիծաղում է): Պատահում է՝ հին գործը դնում եմ, փոխում եմ, փոխում եմ, հետո ասում եմ՝ դե էն առաջինը լավն էր էլի: Մեկ-մեկ ես ինքս ինձ մտածում եմ, թե կարո՞ղ է Սիզիփոսն եմ: Ընդանրապես կան գործեր, որ քեզ թվում է, թե անավարտ է, բայց քանդակագործն ավարտել է: Եթե գաղափարը, էմոցիան տեղն է, միտքը պարզ է, ուրեմն գործն ավարտուն է»:
Երանուհի Սողոյան