ԵՐԵՎԱՆ. 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում մեծ աղմուկ է բարձրացրել Հարավ–Սախալինսկի դատարանի ընդունած որոշումը, որը Ղուրանի որոշ մեջբերումներ ծայրահեղական է ճանաչել:
Հարավ–Սախալինսկի քաղաքային դատարանի դատավոր Նատալյա Պերչենկոն ավելի վաղ «Աղոթք առ Աստված. դրա նշանակությունն ու տեղը իսլամում» գիրքը ճանաչել էր ծայրահեղական։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կտրուկ քննադատությունից հետո Հարավ–Սախալինսկի դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը։
Այս կապակցությամբ Պետդուման ընդունել է ՌԴ նախագահի ներկայացրած օրինագիծը, որի համաձայն՝ սուրբ գրքերն անձեռնմխելի կլինեն։ Խոսքը Աստվածաշնչի, Ղուրանի, Թանախի և Գանջուրի տեքստերը ծայրահեղական ճանաչելու արգելքի մասին է։
Հայաստանի տարբեր դավանանքների ներկայացուցիչները Sputnik Արմենիա պորտալին մեկնաբանել են ստեղծված իրավիճակը և ՌԴ–ում նոր օրինագիծ ընդունելու որոշումը։
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանով
«Եթե մարդիկ կոնկրետ կրոն են ընտրել և հետևում են դրան, ապա ես ճիշտ չեմ համարում արգելել այս կամ այն կրոնը։ Հենց դա է ծայրահեղականությունը», – իր տեսակետը հայտնեց Հասանովը։
Նա նշեց, որ հանդես է գալիս առանձին օրենք ընդունելու օգտին, որը չի արգելի որևէ կրոն, բայց միևնույն ժամանակ կարգելի ծայրահեղականությունը։
«Օրինակ` իսլամիստները։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը չարիք է ամբողջ աշխարհի համար։ Այն չարիք է ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական աշխարհի համար։ Որովհետև նրանք շատ հանգիստ երեխայի գլուխը կտրում են «Ալլահ աքբար» («Մեծագույն Ալլահ») խոսքերով։ Նման մարդկանց պետք է ոչնչացնել և թույլ չտալ, որպեսզի այդ չարիքը տարածվի ողջ աշխարհում», – նշեց Հասանովը։
Խոսելով իսլամական կրոնի և ուղղահավատ մահմեդականների մասին` նա ավելացրեց, որ դա միանգամայն այլ հարց է։
«Եթե միլիոնավոր մարդիկ այդ կրոնն են դավանում, ապա ոչ ոք այն արգելել չի կարող։ Սակայն եթե մյուսները ոչնչացնում են մարդկանց կամ վնասում նրանց, ապա դա իսկապես ծայրահեղություն է, չարիք և ահաբեկչություն», – ասաց Հասանովը։
Հայաստանի գլխավոր րաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյն
Րաբբին նշեց, որ ծայրահեղական ճանաչված գրականության հետ անձամբ ծանոթ չէ, սակայն դասական սուրբ գրքերից (Ղուրան, Թանախ և Աստվածաշունչ) և ոչ մեկը չի պարունակում որևէ քարոզչական հարց` կապված ազգային կամ կրոնական ատելություն հրահրելու հետ։
«Իհարկե, կան որոշ ազգայնական շրջանակներ, որոնք ցանկանում են և որոշ ձևով փորձում են ծայրահեղական կամ ազգայնամոլական երանգներ հաղորդել այս կամ այն գրքին, սակայն, բնականաբար, դա այդպես չէ, քանի որ դրանք համատեքստից հանված արտահայտություններ կամ նախադասություններ են, որոնք մեծամասամբ ունեն մարդասիրական կամ խաղաղարար իմաստ», – նշեց Բուրշտեյնը։
Այդ պատճառով, ինչպես կարծում է րաբբի Գերշոն, դասական սուրբ գրքերի առումով նման օրենքի ընդունումը ճիշտ է։
«Այլ հարց է առանց աստվածաբանական կրթության, ոչ բանիմաց հեղինակների հրատարակած գրքերի խնդրի քննարկումը։ Նրանք մեծամասամբ արկածախնդիր «գրչակներ» են, ովքեր փոքր բրոշյուրներ են հրատարակում, որոնցում պնդում են, որ գոյություն ունի համաշխարհային դավադրություն և այլն։ Այս ամենը հիմարություն և անհեթեթություն է», – ավելացրեց Բուրշտեյնը։
Ամեն դեպքում, նրա խոսքով, խոսքի ազատությունը պետք է տարբերվի ամենաթողությունից, և այդ առումով պետք է գործեն հիմնական համամարդկային բարոյական կանոններն այն մասին, թե ինչ կարելի է քննարկել և ինչ ձևով, որպեսզի այն վիրավորական չհնչի։
«Անհրաժեշտ է բացառել արժանապատվության, ազգային և կրոնական պատկանելության նվաստացումը։ Օրինակ` անընդունելի եմ համարում Ֆրանսիայում որոշակի կրոնի առաջնորդներից մեկի ծաղրանկարի հրապարակումը։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է, անկախ այն բանից, թե որ կրոնին է այն վերաբերում։ Այն սրբություն է մարդկանց համար։ Նման ծաղրանկարներ ստեղծելը կիրթ մարդու պահվածք չէ», – ասաց Հայաստանի գլխավոր րաբբին։
Բուրշտեյնն ավելացրեց, որ աշխարհի ցանկացած երկրում անհրաժեշտ են կրոնների գիտակ առաջնորդներ, ովքեր կարող են եզրահանգումներ անել նման հարցերի շուրջ։
«Օրինակ` երկրի գլխավոր մուֆտին կարող է լուծել այն հարցը, թե արդյոք այս կամ այն գրականությունը ծայրահեղակա՞ն է, թե՞ ոչ։ Դուք գիտեք, որ այսօրվա դրությամբ շատ հաճախ ներծայրահեղական գաղափարներ օգտագործվում են նման «կրոնական փաթեթավորմամբ», որոնք չեն կարող ի հայտ գալ իսկական կրոնական հասարակության մեջ», – եզրահանգել է րաբբին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական կապերի բաժնի վարիչ Շահե վարդապետ Անանյան
«Անձամբ իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ չեզոք է, քանի որ դա հարցի զուտ իրավաբանական լուծում է։ Ես չեմ կարող ասել այն դրական է, թե բացասական։ Ես աչքի անցկացրեցի այդ «Աղոթք առ Աստված. դրա նշանակությունն ու տեղը իսլամում» բրոշյուրը, որի հեղինակներն են Ռուսաստանի գլխավոր մուֆտին ու շեյխերը, և հասկացա, որ այդ գրքից հանել են համատեքստը, ինչը և առիթ է դարձել, որ այն անվանեն ծայրահեղական», – կարծում է Շահե վարդապետը։
Նրա խոսքով` նման որոշում կարող է ընդունվել ցանկացած գրքի վերաբերյալ։
«Նույն կերպ կարելի է ցանկացած կրոնական գրքից հատված վերցնել և այն անվանել ծայրահեղական։ Ինչ վերաբերվում է Ղուրանում մարդու հանդեպ վերաբերմունքին, ապա այն պարունակում է Մուհամեդ մարգարեի խոսքերը. «Երբ դու մի մարդու ես սպանում, դու ողջ մարդկությանն ես սպանում», – ասաց հոգևորականը։
Նա ավելացրեց, որ մի քանի հատվածով չի կարելի ընդհանուր կարծիք կազմել գրքի մասին։
«Սակայն իմ կարծիքով` այստեղ կրոնական հարց չէ, այլ ավելի շուտ` իրավաբանական։ Իսկ ինչ վերաբերում է բուն օրենքին, որն ուսումնասիրվելու է, ապա դա նշանակում է, որ այսուհետ սուրբ գրքերին չի կարող որևէ որակավորում տրվել ՌԴ քաղաքացիների կամ օրենքի ներկայացուցիչների կողմից, որպեսզի միջկրոնական բախում չլինի։ Այս է խնդիրը», – բացատրել է տեր Շահեն։
Չնայած այս ամենը շատ կարևոր է Ռուսաստանի նման մեծ երկրի համար, նրա խոսքերով, այս հարցին չի կարելի կրոնական որակավորում տալ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն անդադար երկխոսություններ է տանում տարբեր կրոնների ներկայացուցիչների հետ, օրինակ` մեր երկիր էր այցելել Սիրիայի մուֆտին։ Այսինքն անհրաժեշտ է հասկանալ, որ միջկրոնական երկխոսությունը նպաստում է երկրների միջև խաղաղ հարաբերությունների և հանդուրժողականության հաստատմանը։ Սա զուտ իրավաբանական ձևակերպում է և ոչ մի կրոնական բան չի պարունակում», – ավելացրեց Անանյանը։