ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Պետդուման ուրբաթ օրվա նիստում առաջին ընթերցմամբ կքննարկի նախագահի ներկայացրած օրինագիծը, որն արգելում է Աստվածաշնչի, Ղուրանի, Թանախի, Գանջուրի, ինչպես նաև դրանցից արված մեջբերումները ճանաչել ծայրահեղական նյութեր:
Ավելի վաղ Հարավ-Սախալինյան դատարանի դատավորը դատախազի հայցով ծայրահեղական նյութ է ճանաչել «Աղոթք Աստծուն. դրա նշանակությունն ու տեղը իսլամում» գիրքը: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել նման որոշում ընդունած դատավորին և դատախազին պատասխանատվության ենթարկել, իսկ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը հարցումներ է ուղղել ռուսական իրավապահ մարմիններ` խնդրելով ստուգել այն մարդկանց շղթան, որոնք մասնակցել են դատարանի որոշման ընդունմանը:
Օրինագծին կից ներկայացված բացատրագրում նշվում է, որ ՌԴ սահմանադրության 28 հոդվածում սահմանվում է, որ յուրաքանչյուրն ունի խղճի, հավատի ազատություն, ներառյալ` անհատական կամ մյուսների հետ համատեղ ցանկացած կրոնի դավանելու կամ ոչ մի կրոնի չդավանելու իրավունք:
ՌԴ-ում օրենք է ընդունվել «Խղճի և կրոնական միավորումների ազատության մասին»: Ելնելով օրենքի ներածությունից` հենց քրիստոնեությունը, իսլամը, հուդայականությունը և բուդդայականությունն են կազմում Ռուսաստանի ժողովուրդների պատմական ժառանգության անքակտելի մասը:
«Համաշխարհային ավանդական կրոնների նկատմամբ հավասար հարգանք ապահովելու նպատակով օրինագիծն առաջարկում է սահմանել, որ Աստվածաշունչը, Ղուրանը, Թանախը և Գանջուրը, դրանց բովանդակությունն ու դրանցից արված մեջբերումները չեն կարող ծայրահեղական նյութեր ճանաչվել»,- ասվում է բացատրագրում: Օրինագծի հայեցակարգը համաձայնեցվել է Ռուսաստանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պետդումայում կքննարկեն սրբազան տեքստերի բովանդակության մասին նախագիծը
10:13 23.10.2015 (Թարմացված է: 11:02 24.10.2015)

© Sputnik / Сергей Мамонтов
/ Բաժանորդագրվել
Համաշխարհային կրոնների նկատմամբ հարգանք ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ Աստվածաշունչը, Ղուրանը, Թանախը և Գանջուրը, այդ գրքերի բովանդակությունն ու դրանցից արված մեջբերումները չեն կարող ծայրահեղական նյութեր համարվել