ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների ազգային հավաքականը մեկնել է Պորտուգալիա, որտեղ մասնակցելու է Եվրոպայի` մինչև 17 տարեկան աղջիկների 2015/2016թթ.-ի առաջնության որակավորման փուլի խաղերին:
Նշենք, որ մեր հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում և ունի լուրջ մրցակիցներ՝ Պորտուգալիա, Հունաստան, Իսպանիա:
Ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների ազգային հավաքականի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեր հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Հոկտեմբերի 25-ին մեր աղջիկները կհանդիպեն Հունաստանի, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Պորտուգալիայի հավաքականների հետ:
Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանն ընդգծեց, որ թիմը մարտական է տրամադրված:
«Պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Այսօր մրցելու ենք խմբի ամենաուժեղ թիմի հետ, բայց աղջիկները մարտական են տրամադրված ու դաշտ են դուրս գալու հավասարը հավասարի դեմ պայքարելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Պորտուգալիայում հոկտեմբերի 23-28-ը:

