Սան Դիեգոյի սաֆարի այգու աշխատողները Քենիայի «Օլ Պեջետա» բնական արգելոցում ստուգել են հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների համար նախատեսված պայմանները: Դիտեք տեսանյութում, թե ինչպես են ապրում այդ կենդանիները
Չորս հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներից երեքն ապրում են Քենիայում` «Օլ Պեջետա» հասարակածային բնական արգելոցում: Նրանց այս արգելոց են տեղափոխել 2009թ.-ին Չեխիայի կենդանաբանական այգուց:
Գիտնականները կփորձեն փրկել աշխարհի խոշորագույն ռնգեղջյուրներից մեկի ենթատեսակն էգերի արհեստական բեղմնավորման ճանապարհով, թեև դրա հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի WWF-ի կենսաբազմազանության պահպանման ծրագրի համակարգող Վլադիմիր Կրևերը:
Ռնգեղջյուրների այս ենթատեսակի վերացման պատճառը երկար տարիներ շարունակվող որսագողությունն է եղել: Ավելի լավատեսական է նրանց հարավային «եղբայրների» վիճակը. Հարավային և Արևելյան Աֆրիկայում բնակվող հարավային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիան մոտավոր հաշվարկներով կազմում է շուրջ 17-20 հազար գլուխ:
Վերջին տարիներին հարավային սպիտակ ռնգեղջյուրների թվի ավելացման արդյունքում նրանց նույնիսկ կարելի է որսալ, բայց դրա համար արտոնագիր է պահանջվում, որը խստորեն հսկում է տեղական տեղի իշխանությունը: Մեկ կենդանու որսի արտոնագիրը 120-150 հազար դոլար արժե:
Աշխարհում կա ռնգեղջյուրների հինգ տեսակ. երեքը` Հարավային և Հարավարևելյան Ասիայում, երկուսը` Աֆրիկայում: